Ամերիկահայ ռեալիթի շոուների հեռուստաստղ Քիմ Քարդաշյանն «Ինստագրամ»-ի իր՝ 364 մլն հետևորդ ունեցող էջում Լեռնային Ղարաբաղին սատարող գրառում է կատարել` կից հրապարակելով հումանիտար իրավիճակի մասին լուսանկարներ և դիմելով ԱՄՆ նախագահ Բայդենին:
«Իմ խնդրանքը նախագահ Ջո Բայդենին՝ դադարեցնել հերթական ցեղասպանությունը հայերի նկատմամբ: Ժամանակն է, որ Ամերիկան (և աշխարհը) քայլեր ձեռնարկի հայերին Ադրբեջանից պաշտպանելու համար»,-գրել է նա:
Բացի այդ, նա իր էջի կենսագրության բաժնում հոդվածի հղում է տեղադրել, որը հրապարակված է Rolling Stones-ում՝ «Իմ խնդրանքն է Ջո Բայդենին դադարեցնել ևս մեկ Հայոց ցեղասպանությունը» (My Plea to Joe Biden to Stop Another Armenian Genocide):
«Մենք հայ ենք։ Մենք Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներն ենք և չենք ցանկանում ապագայում խոսել ևս մեկ ցեղասպանության ճանաչման կամ ոգեկոչման մասին»,- գրել է հեռուստաաստղը:
Նա մանրամասնել է, որ նախորդ տարվա դեկտեմբերից Ադրբեջանը շրջափակել է Լեռնային Ղարաբաղի բնիկ քրիստոնյա հայերի և մնացած աշխարհի միջև միակ օղակը։
«Նրանք երկար տարիներ կախված են եղել Լաչինի միջանցքով սննդամթերքի, բժշկական պարագաների և մարդասիրական օգնության փոխադրումից: Ուկրաինական պատերազմը որոշ երկրների համար Ադրբեջանին դարձրել է ռուսական նավթի ու գազի առավել բարենպաստ այլընտրանք։ Սա ոգևորել է ադրբեջանական բռապետական կառավարությանը սովը որպես զենք օգտագործել տարածաշրջանի հայ բնակչության դեմ: Այլևս ժամանակ չկա մտքերի, աղոթքների կամ անհանգստության համար»,- ընդգծել է Քարդաշյանը: