fbpx
Քաղաքականություն

ԱՄՆ-ը Ադրբեջանին կոչ է անում զորքերը հետ քաշել ելման դիրքեր. Փրայս

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսն անդրադարձել է Նյու Յորքում սեպտեմբերի 20-ին տեղի ունեցած Բլինքեն-Միրզոյան-Բայրամով հանդիպմանը, նշել՝ սա վերջին էսկալացիայից հետո առաջին դեմառդեմ հանդիպումն էր, որի ընթացքում կողմերը քննարկել են առաջընթացի հասնելու լավագույն ուղիները:

Փրայսը հավելել է, որ Վաշինգտոնի համար կարևոր է երկխոսություն հաստատել Երևանի և Բաքվի միջև: Նրա խոսքով՝ հանդիպման ժամանակ Պետքարտուղարը մատնանշել է հրադադարի պահպանման կարևորությունը:

Պետքարտուղարության խոսնակն ընդգծել է նաև խաղաղ կարգավորման հարցում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջանքերը:

«Կոչ ենք անում Ադրբեջանին՝ հետ քաշել զորքերը ելման դիրքեր, աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա բոլոր խնդիրները խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու ուղղությամբ։ Այս հակամարտությունը չունի և չի կարող ունենալ ռազմական լուծում. մենք հայտարարել ենք դա թե՛ մասնավոր շփումներում, թե՛ հրապարակայնորեն: Ուրախ ենք, որ մեր շարունակական ներգրավվածությունը, այդ թվում՝ բարձր մակարդակներում, օգնել է դադարեցնել ռազմական գործողությունները: Կշարունակենք Հայաստանին և Ադրբեջանին մեր աջակցությունը: Պետքարտուղարը կոչ է արել կողմերին՝ կրկին հանդիպել մինչև ամսվա վերջ, սակայն հստակ ամսաթիվը և վայրը պետք է որոշեն կողմերը: Կարծում ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի ուղիղ շփումները բխում են ոչ միայն այդ երկրների, այլև տարածաշրջանի և ամբողջ աշխարհի շահերից: Կանոնավոր կապի մեջ ենք հայ և ադրբեջանցի պաշտոնյաների հետ: Մեր խնդիրն է համախմբել կողմերին և դյուրացնել նրանց միջև երկխոսությունը»,- նշել է Փրայսը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ