fbpx
Մասնակիցներ
02:11 08/11/2018

«Կոռեկտ չէ ցուցակի հերթականության հարցի մասին խոսել, երբ բանակցություններ կան»,- Անժելա Խաչատրյան

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչությունը քննարկում է առաջիկա խորհրդարանական ընտրություններում մասնակցելու ձևաչափը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը:

Վերջինս նշեց, որ ԱԴ-ում կարծիքները տարբեր են՝ վարչության մի մասն ուզում է դաշինքով մասնակցել, մյուս մասն՝ առանձին:

«Այս պահին կան քննարկումներ՝ տարբեր քաղաքական գործիչների, կուսակցությունների հետ: Նրանց հետ, ովքեր մոտ են մեր քաղաքական դիրքորոշմանը, մոտ են մեր մոտեցումներին, մտածում են Հայաստանի ապագայի ու զարգացման մասին: Մոտ ապագայում՝ այս շաբաթվա ավարտին, մենք պաշտոնապես կհրապարակենք, թե ինչպես ենք մասնակցելու խորհրդարանական ընտրություններին»,- մանրամասնեց Անժելա Խաչատրյանը:

ԱԴ փոխնախագահի խոսքով՝ դաշինքային ֆորմատով ընտրություններին մասնակցելու տարբերակը ընդունելի է նաև ՀՀ քաղաքացիների համար, որոնք դրական են գնահատում միավորումները:

Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված դաշինքով կամ առանձին մասնակցելու որոշումը, Անժելա Խաչատրյանը պատասխանեց, որ քաղաքական բանակցություններն իրենցից ենթադրում են ծրագրերի համադրում: «Պետք է նայել՝ քաղաքական ուժը կամ անհատը ի՞նչ խնդիր է լուծում, արդյոք դրա լուծման ճանապարհին դուք միասին եք, համակարծիք եք»,- հավելեց նա:

Իսկ այն հարցին, թե ԱԴ համար սկզբունքայի՞ն է, որ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը դաշինք կազմելու պարագայում զբաղեցնի ցուցակի առաջին համարը, փոխնախագահը պատասխանեց. «Կոռեկտ չէ ցուցակի հերթականության հարցի մասին խոսել, երբ բանակցություններ կան:

Դա այնքան կարևոր չէ, որքան միավորման նպատակը, համագործակցության նպատակի հստակեցումը: Թե ով կլինի ցուցակում, ով ոչ բանակցությունների տեխնիկական մասն է: Եթե դաշինքը փլուզվում է տեղեր որոշելիս, ուրեմն նպատակի շուրջ համագործակցություն փնտրող դաշինք չէ»:

Աղբյուրը՝ Tert.am

Վերեվ