18-ամյա Սալվադոր Ռամոսը մայիսի 24-ին կրակ է բացել Տեխաս նահանգի Ուվալդ քաղաքի տարրական դպրոցում։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 21 մարդ, այդ թվում՝ 19 երեխա։
Տեղի լրատվամիջոցները հայտնում են, որ Ռամոսը Յուվալդայի հիմնական դպրոցի շենք է մտել տեղական ժամանակով մոտավորապես 11:30-ին (ՀՀ ժամանակով՝ 20:30-ին): Նա անկանոն կրակոցներ է արձակել աշակերտների ու ուսուցիչների ուղղությամբ։
Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթն ասել է, որ տղամարդը զինված է եղել ատրճանակով և ինքնաձիգով, նա կրել է մեծ ուսապարկ և եղել զրահաբաճկոնով։
Հասնելով դեպքի վայր՝ իրավապահները փոխհրաձգության մեջ են մտել Ռամոսի հետ։ Արդյունքում նա վնասազերծվել է, բայց այդ գործողության ընթացքում վիրավորվել է առնվազն երկու իրավապահ։
Քաղաքի ոստիկանության վարչության ներկայացուցիչ Փիթ Արեդոնդոն ասել է, որ հրաձիգը գործել է միայնակ: Նրա արարքի դրդապատճառները դեռ պարզ չեն։
Կրակոցների հետևանքով զոհվել է առնվազն 19 երեխա և երկու մեծահասակ, որոնցից մեկը ուսուցիչ է եղել։
13 աշակերտ տեղափոխվել է հիվանդանոց՝ տարբեր աստիճանի վիրավորումներով: Նրանցից երկուսին տեղափոխել են Սան Անտոնիո քաղաքի հիվանդանոց։ Բացի այդ, հրազենային վնասվածք է ստացել դպրոցի 45-ամյա մի աշխատակից։ Նրանց վիճակի մասին տեղեկություն չի հաղորդվում։
Նահանգի սենատոր Ռոլան Գուտիերեսը հայտարարել է, որ դեպքից քիչ առաջ Ռամոսը կրակել է իր տատիկի վրա։ Նրա խոսքով՝ կինը հոսպիտալացվել է, նրա վիճակի մասին լուրեր չեն հաղորդվում։
Դեպքից երեք օր առաջ երիտասարդը AR-15 կիսաավտոմատ ինքնաձիգների լուսանկարներ է հրապարակել «Ինստագրամ»-ի օգտահաշվում, հայտնում է CNN-ը։ Ենթադրաբար, նա դրանք ձեռք է բերել իր 18-ամյակի կապակցությամբ։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ցավակցություն է հայտնել զոհվածների և վիրավորների ընտանիքներին։ Նա հրահանգել է խոնարհել կառավարական շենքերի դրոշները՝ ի հիշատակ հրաձգության զոհերի: Սա վերաբերում է նաև բոլոր ռազմակայաններին և ռազմածովային նավերին։
Դիմելով ամերիկացիներին ողբերգության հետ կապված՝ նախագահը կոչ է արել մարտահրավեր նետել զենքի լոբբիին՝ նշելով, որ «զանգվածային կրակոցների նման դեպքեր աշխարհում հազվադեպ են լինում»։ Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ անհրաժեշտ է «ընտրված յուրաքանչյուր պաշտոնյայի հասկացնել, որ եկել է գործելու ժամանակը»։
Ամերիկացիներին զենք գնելու և կրելու իրավունքը երաշխավորված է ԱՄՆ Սահմանադրության երկրորդ փոփոխությամբ, դեմոկրատ Բայդենը պաշտպանում է հրազենի վաճառքի վերաբերյալ ավելի կոշտ օրենքներ:
Զենքի թույլտվության մասին երկու համապատասխան օրինագծեր Ներկայացուցիչների պալատը հաստատել էր 2021 թվականի մարտին, որը վերահսկում են դեմոկրատները, սակայն երկու փաստաթղթերն էլ չեն անցել Սենատ, որտեղ դեմոկրատներն ու հանրապետականներն ունեն հավասար թվով տեղեր։
Յուվալդայի տարրական դպրոցում տեղի ունեցած հրաձգությունը հանգեցրել է ամենաբարձր թվով զոհերի՝ համեմատած 2012 թվականի դեկտեմբերի 14-ից ի վեր նմանատիպ դեպքերի հետ:
Աղբյուրը՝ armtimes.am
