Այսօր՝ մայիսի 3-ին, հրաձգություն է տեղի ունեցել Հարավային ու Հյուսիսային Կորեաների սահմանին։
Yonhap գործակալության հաղորդմամբ՝ հրաձգությունը տեղի է ունեցել այնտեղի ժամանակով 07:41-ին (Երևանի ժամանակով 02:41-ին):
Նշվում է, որ Հարավային Կորեայի հանրապետության շտաբի հայտարարության համաձայն՝ մի քանի կրակոց է արձակվել իրենց պատկանող սահմանային դիտարկման կետի ուղղությամբ։ Դրան ի պատասխան արձակվել է 2 կրակոց։
Ըստ աղբյուրի՝ դեպքից տուժածներ չկան, նյութական վնաս չի պատճառվել կողմերին։
Նշվում է, որ հարավկորեացի զինվորականները փորձում են պարզել դեպքի հանգամաքները՝ հետագայում նմանատիպ իրավիճակները բացառելու նպատակով։
