Մշակութային հաստատությունների աշխատանքի արդյունավետությունը չի կարող չափվել դրանց սեփական եկամուտների ավելացմամբ:
Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը՝ անդրադառնալով մշակութային ժառանգության ոլորտում ՀՀ կառավարության ծրագրին, որում առաջարկվում է ներդնել կառավարման ժամանակակից համակարգեր թանգարանների, թատրոնների և այլ մշակութային հիմնարկների սեփական եկամուտներն ավելացնելու նպատակով:
«Եկամուտներ ավելացնելու ամենաժամանակակից մեթոդն աշխարհում գործում է մոտավորապես 2100 տարի: Այն կոչվում է մեկենասություն: Ավելի ժամանակակից, ավելի հզոր բան մարդկությունը դեռ չի մտածել: Երբեմն սահմանափակում ենք «մեկենասություն» հասկացությունը՝ այն զուտ ֆինանսավորում հասկանալով: Իրականում դա այդպես չէ. հովանավորչությունը հասարակության, բիզնեսի, պետական պաշտոնյայի կապն է արվեստի հետ, գիտակցումն է, թե ինչու է պետք մշակույթը»,-շեշտել է Բաբայանը:
Նրա խոսքով՝ մշակույթի վերաբերյալ Կառավարության ծրագիրը գեղեցիկ է գրված, բայց դրանք ընդամենը լավ ցանկություններ են: «Կուզեի մի պարզ պատասխան ստանալ, թե ինչու է անհրաժեշտ մշակույթը մեր երկրին և ժողովրդին: Ես ունեմ դրա պատասխանը, որը գուցե սխալ է: Ըստ իս՝ աշխարհում ամեն ինչ գտնվում է մրցակցային դաշտում՝ և՛ երկրները, և՛ ժողովուրդները, և՛ այս կամ այն ոլորտը: 21-րդ դարում մրցակցության մեջ շահում է ո՛չ զենքը, ո՛չ արդյունաբերությունը, շահում է այն երկիրը, այն ժողովուրդը, որն ունի որակ: Հասարակության որակյալ մեծամասնությունը միշտ շահում է, որովհետև որակյալ մեծամասնության պահանջը շատ բարձր է, և այդ բարձր պահանջը պարտադրում է, որ ամեն ինչ լինի շրջապատում բարձրորակ»,-նշել է թատրոնի գեղարվեստական ղեկավարը:
Բաբայանի համոզմամբ՝ մենք հաճախ գեղեցիկ բառեր ենք ասում այն մասին, թե ինչքան լավն է մեր ժողովուրդը, ինչքան հրաշալի է և այլն, բայց այդպես չէ, և դա շատ վտանգավոր գնահատական է, որովհետև, երբ դադարում ես զարգանալ, դադարում ես սովորել, դադարում ես պահանջներդ բարձրացնել, որակն ընկնում է:
*հոդվածին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։