fbpx
Տնտեսություն

ԵԱՏՄ տարածքում ՀՀ քաղաքացիների կողմից էլեկտրոնային առևտուր անելու դեպքում ԱԱՀ-ն կհաշվարկվի և կվճարվի Հայաստանում

ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց կառավարության ներկայացրած օրենքի նախագծին, որով սահմանվում է՝ եթե ԵԱՏՄ շրջանակում Հայաստանի ռեզիդենտ ֆիզիկական անձինք էլեկտրոնային հարթակի միջոցով ձեռք բերեն ապրանք, ԱԱՀ-ն կհաշվարկվի և կվճարվի Հայաստանի Հանրապետությունում:

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:

«Նախագծերի փաթեթով առաջինը ներդնում ենք էլեկտրոնային առևտրի կանոնակարգումները: Էլեկտրոնային հարթակից դեպի ֆիզիկական անձանց ապրանքի օտարումը հարկվում է, ԱԱՀ-ն հաշվարկում և վճարվում է սպառման երկրի կանոններով: Այսինքն՝ ԱԱՀ-ն առաջանում է այն երկրում, որտեղ ֆիզիկական անձը ձեռք է բերել ապրանքը: Առաջարկում ենք, որ այն բոլոր դեպքերում, երբ մեր ռեզիդենտ ֆիզիկական անձինք են ձեռք բերում ապրանքները, ԱԱՀ-ն հաշվարկվի և վճարվի Հայաստանի Հանրապետությունում՝ անկախ նրանից ՀՀ-ում մշտական հաստատություն առկա է, թե ոչ»,-ասաց Բադասյանը:

Այս մասով պետբյուջեի եկամուտները կավելանան: Ըստ Բադասյանի՝ խոսքը նշանակալի գումարի մասին է, որն այսօր շրջանցում է պետբյուջեն:

Հովիկ Աղազարյանը հետաքրքրվեց՝ ֆիզիկական ա՞նձն է մուծելու ավելացված արժեքի հարկը: ՊԵԿ նախագահն ասաց, որ էլեկտրոնային հարթակը: Ընդ որում, սա վերաբերվում է ԵԱՏՄ-ում իրականացվող առևտրին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ