Տեսանյութեր

Զոհ ունենք սահմանին, իրավիճակը բավական լարված է. Փաշինյանը՝ Իրանի ԱԳ նախարարին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին:

Ողջունելով Իրանի ԱԳ նախարարի այցը Երևան՝ Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Դուք տեղյակ եք, որ վերջին շրջանում որոշակի լարում ունենք Ադրբեջանի հետ սահմանին: Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները մի քանի հատվածներում ապօրինի կերպով հատել են Հայաստանի սահմանը: Մեր դիրքորոշումը միանշանակ է, որ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները պետք է հեռանան մեր տարածքից: Եվ մենք սրա համար առաջին հերթին քաղաքական-դիվանագիտական ջանքեր ենք գործադրում, նաև այն պատճառով, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մեր գործընկերները հենց առաջին օրերից հորդորում են մեզ, որպեսզի փորձենք հարցը լուծել առաջին հերթին դիվանագիտական-քաղաքական ճանապարհով։ Տեղյակ եք, որ Հավաքական անվտանգության պայմանագրի համաձայն՝ ռազմական գործողությունները մեր երկրի տարածքում կնշանակի, որ պատերազմի մեջ ներքաշվում են նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մյուս երկրները։ Իհարկե մեր ցանկությունն է նաև, որ հարցը լուծվի դիվանագիտական-քաղաքական ճանապարհներով։ Ցավոք, կարող եմ արձանագրել, որ այս իրավիճակում երեկ արդեն մենք ունեցանք զոհ։ Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների կողմից արձակված հրազենային կրակից սպանվել է Հայաստանի զինված ուժերի զինծառայող։ Այնպես որ, իրադրությունը բավականին լարված է և այս հանդիպումը լավ առիթ է, որպեսզի ծանոթանանք նաև իրավիճակի հաղթահարման վերաբերյալ Իրանի Իսլամական Հանրապետության տեսակետներին»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ