Աշխարհ

Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ

ՌԴ ԱԳՆ-ից հայտնում են, որ նոյեմբերի 19-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանի հետ:

Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակը, որը ստեղծվել է Ռուսաստանի կողմից հրադադարի լիակատար դադարեցման և հակամարտության գոտում բոլոր ռազմական գործողությունների նպատակով ձեռնարկված միջնորդական ջանքերի արդյունքում: Ընդգծվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ս. թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների կատարման ապահովման կարևորությունը: Այդ նպատակով հատուկ նշանակություն է ձեռք բերում համագործակցության հաստատումը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ: Լավրովը պարզաբանել է ռուսական խաղաղապահ ուժերի մասնակցության չափանիշները, ինչպես նաև հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի գործառույթները:

Նախարարները համակարծիք են եղել, որ ներկայումս հիմնական առաջնահերթություններն են ներքին տեղահանված անձանց և փախստականների անվտանգ վերադարձի, տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, մարդասիրական օգնության տրամադրման և քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման հարցերը:

Ռուսաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված ճգնաժամի երկարաժամկետ և լայնամասշտաբ կարգավորման հետագա քայլերի շուրջ` ադրբեջանական և հայ ժողովուրդների հավասար շահերից ելնելով` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում համաձայնեցված սկզբունքների հիման վրա:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ