Trud թերթին տված հարցազրույցի ընթացքում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը անդրադարձել է Վրաստանի հետ օդային հաղորդակցության վերականգման հարցին։ Լավրովը նշել է, որ Մոսկվան ուշադիր հետևում է Վրաստանում տիրող իրավիճակին և հույս ունի, որ ավիափոխադրումների վերսկսումը կվերականգնվի մոտ ապագայում:
«Ես կցանկանայի հուսալ, որ ավիափոխադրումների վերսկսումը մոտ ապագայի հարց է: Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանում տիրող իրավիճակին: Իհարկե, մենք սպասում ենք տարածաշրջանում և աշխարհում սանիտարահիգիենիկ իրավիճակի ընդհանուր բարելավման, կանոնավոր թռիչքների բացմանը այլ ուղղություններով», – նշել է Սերգեյ Լավրովը։
Նախարարը հույս է հայտնել, որ համաճարակի պատճառով դադարեցված Կարասին-Աբաշիձե ձևաչափով քաղաքական երկխոսությունը հնարավորինս արագ կվերսկսվի:
«Ռուսաստանը միշտ բարձր է գնահատել բարեկամական կապերը հարազատ վրաց ժողովրդի հետ, որոնց հետ մեկ դարից ավելի ապրել ենք այլ անվամբ մեկ այլ պետության մեջ»,- շեշտել է Լավրովը:
ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությանն արձագանքել է նաև Ռուսաստանի հետ հարաբերություններում Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն:
«Չվերթները դադարեցվել են Ռուսաստանի կողմից, և դրանց վերսկսումը հիմնականում կախված է Մոսկվայից..․ Վրաստանի կողմից համապատասխան քաղաքական կամքի դեպքում հենց համաճարակաբանական իրավիճակը թույլ տա, հնարավոր է բարձրացվի թռիչքների վերսկսման հարցը»,- ընդգծել է Աբաշիձեն: