Հույս ունեմ, որ Ադրբեջանի հետ բանակցությունների արդյունքում կհաջողվի Մարատ Ուելդանով-Գալստյանին Ռուսաստան վերադարձնել, այս մասին չորեքշաբթի, տարվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Մեր քաղաքացիներին վերաբերող հարցերին, որոնք ցանկացած երկրում բարդ իրավիճակում են հայտնվում, այդ թվում ԱՊՀ երկերներում, մեր երկկողմ շփումների ժամանակ պարբերաբար անդրադառնում ենք: Այդ թվում կարող եմ հավաստիացնել, որ այդ կոնկրետ թեման հնչել է ադրբեջանցի գործընկերների հետ վերջին բանակցությունների ժամանակ»,- ասել է Լավրովը՝ հույս հայտնելով, որ երկխոսության, իրավական նորմերի վրա հիմնված որոշումների միջոցով, հնարավոր կլինի բոլորին ձեռնտու արդյունքի հասնել:
Մարատ Ուելդանով-Գալստյանը հայկական ծագումով ՌԴ քաղաքացի է, որը 2016թ.-ի հուլիսին կալանավորվել էր Ադրբեջանում առանձնապես խոշոր չափի թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման, արտադրության, պահպանության և տարածման մեղադրանքով: