«Լոս Անջելես Լեյկերսի» առաջատար Լեբրոն Ջեյմսը Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության՝ «Դենվեր Նագետսի» հետ խաղում (99-115) վաստակել է 31 միավոր՝ կարիերայի ընթացքում վաստակած միավորների քանակը հասցնելով 32 311-ի:
Այսպիսով, Ջեյմսը գերազանցել է լեգենդար Մայքլ Ջորդանի ցուցանիշը և այժմ NBA-ում վաստակած միավորների քանակով բասկետբոլիստների շարքում զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը:
Երրորդ հորիզոնականը զբաղեցնում է «Լեյկերսի» լեգենդ Կոբի Բրայանտը (33 643), երկրորդը Կարլ Մելոունն է (36 928), իսկ առաջատարը Կարիմ Աբդուլ-Ջաբարն է (38 387):
Ջեյմսն այս նվաճման վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել.
«Փոքր ժամանակ ես զգում էի մեկի կարիքը, ով ինձ կոգեշնչեր և դրական կազդեր ինձ վրա: Ինձ համար նման բասկետբոլիստ եղել է Ջորդանը: Ես հեռվից հետևում էի նրա խաղին: Ցանկանում էի նմանվել նրան, նրա նման նետումներ կատարել, լեզուս դուրս հանել Մայքլի նման, նրա խաղակոշիկներից ունենալ:
Երազում էի, որ մի օր ինձ նայեն այնպես, ինչպես Ջորդանին: Սա խենթություն է. ես գերազանցել եմ Ջորդանի ցուցանիշը: Սա իսկապես խենթություն է»,- Ջեյմսի խոսքը մեջբերել է ESPN-ը:
Հաղորդում է armsport.am-ը։