Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ԼՀ նախարարների խորհրդի նախագահ Մատեուշ Մորավեցկին: Այս մասին տեղեկացնում են Հայաստանում Լեհաստանի դեսպանությունից:
«Հարգարժա´ն պարոն վարչապետ,
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու առթիվ` ընդունեք, խնդրեմ, շնորհավորանքներս և ամենայն հաջողության բարեմաղթանքներս այս պատվավոր պաշտոնն իրականացնելիս:
Լեհաստանը ողջունում է 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները: Ես համոզված եմ, որ Ձեր գլխավորությամբ Հայաստանի Հանրապետության նոր կառավարությունը կգործադրի հնարավոր ամեն ջանք ամրապնդելու երկրի դիրքը միջազգային ասպարեզում, ապահովելու նրա անվտանգությունն, ինչպես նաև շարունակելու ժողովրդավարական բարեփոխումները:
Ես նաև վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները նշանակալի դինամիկա կհաղորդեն մեր երկկողմ հարաբերություններին` ստեղծելով բարենպաստ մթնոլորտ նոր նախաձեռնությունների և գործողությունների համար: Հայաստանի Հանրապետությունն այն երկիրն է, որի հետ միավորված ենք լավ համագործակցության և բարեկամության պատմական կապերով: Վստահ եմ, որ մեր հարաբերությունները շարունակելու են զարգանալ և ամրապնդվել:
Մաղթում եմ Ձեզ բազում հաջողություններ, ինչպես նաև ակնկալում եմ մեր հանդիպումը մոտ ապագայում»,- ասված է ուղերձում: