fbpx
Մշակույթ

Ծննդյան 90-ամյակին Լևոն Աթոյանցին շնորհվել է Հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի մեդալ

Այսօր վաստակաշատ արվեստագետ, կինոօպերատոր Լևոն Աթոյանցի ծննդյան 90-ամյակն է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով վաստակաշատ արվեստագետը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալով, որն այսօր երեկոյան դրամական պարգևի հետ նրան են հանձնել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը և տեղակալ Արա Խզմալյանը։

Շնորհակալություն հայտնելով պարգևի և գնահատանքի համար՝ Լ.Աթոյանցը ասել է.

«Կյանքիս 90 տարիների ընթացքում ես վերջապես փոփոխություն եմ տեսնում. առաջին անգամ եմ արժանանում պետական այս մակարդակի ուշադրության և պարգևի»։

Նա նաև կատակել է, թե այսօրվանից սկսում է իր 100-ամյակի գլխավոր փորձը։
Շնորհավորելով պատկառելի հոբելյանի կապակցությամբ և բարձր գնահատելով արվեստագետի վաստակը հայ կինոյի պատմության մեջ ու նրա մտավորականի կեցվածքը` նախարար Ա. Հարությունյանը շեշտել է, որ երիտասարդ մասնագետների մի քանի սերունդ պրոֆեսիոնալ հմտությունները ձեռք է բերել նրա ջանքերի, անշահախնդիր նվիրման շնորհիվ։

Շնորհավորելով հոբելյարին` նախարարի տեղակալ Ա. Խզմալյանը շնորհակալություն է հայտնել նրան արժանապատիվ քաղաքացու օրինակելի կերպարի, մտավորականի արժանապատիվ կեցվածքի համար և ընդգծել նրա` արվեստագետին բնորոշ ազատությունը, անսահման կենսասիրությունն ու հումորի անսպառ զգացումը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ