fbpx
Սպորտ

Լևոն Ջուլֆալակյան. Մաքսիմ Մանուկյանը դեռևս ոչ լիարժեք է կազդուրված. ունի խնդիրներ

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում ամփոփել է Նիսում կայացած մրցաշարը, խոսել առաջիկա պլանների, Արթուր Ալեքսանյանի առողջական վիճակի և այլ հարցերի մասին.

Նիսում կայացած տարվա առաջին մրցաշարում ոսկե մեդալակիրներ են դարձել Արսեն Ջուլֆալակյանը, Ռուդիկ Մկրտչյանը, Կարեն Ասլանյանը և Հրանտ Կալաչյանը:

Բրոնզե մեդալներ էին նվաճել Գևորգ Ղարիբյանն ու Արթուր Շահինյանը: Մեդալներից անմասն էր մնացել Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը, որը դեռևս լիովին չի վերականգնվել վնասվածքից.
«Չէինք պլանավորել, որ Մաքսիմ Մանուկյանը կմասնակցի Նիսի մրցաշարին, քանի որ նա բուժումներ էր անցնում: Բայց հավաքի ընթացքում ասաց, որ ցանկանում է փորձել, կարծում է՝ լավ կստացվի: Անկեղծ ասած, ես փոքր-ինչ տատանվում էի, բայց նման մարզիկի կարծիքի հետ պետք է հաշվի նստել:

Ամեն դեպքում, մրցաշարին պետք է մասնակցես, զգաս քո կարգավիճակն ու գնահատես մարզավիճակդ: Նա լիարժեք պատրաստ չէր մրցումներին, ու մրցումներն էլ դա ցույց տվեցին:

Ընդհանուր առմամբ, մեր հավաքը բավականին ծանրաբեռնված էր, թիմն իր ոչ լիարժեք մարզավիճակով էր մասնակցում մրցաշարին, ամեն դեպքում մեր գլխավոր նպատակը ոչ թե մրցաշարին լիարժեք պատրաստվելն էր, այլ պաշտոնական մրցաշարին՝ Եվրոպայի ու Աշխարհի առաջնություններին լավ պատրաստվելը:

Ամեն դեպքում նորմալ մասնակցեցին, իհարկե կային որոշակի թերացումներ, բայց մրցումների արդյունքից գոհ եմ:

– Կներկայացնե՞ք հավաքականի առաջիկա ծրագրերը:

– Հունվարի 18-ից ուսումնամարզական հավաք ենք անցկացնում Օլիմպավանում: Դրանից հետո հավաքականի որոշ ըմբիշներ կմեկնեն Բուլղարիայի՝ Պետրովի անվան մրցաշարին, որը կկայանա փետրվարի 24-ից մարտի 4-ը:

Մարտի 3-ին հավաքականի մյուս մասն էլ կմեկնի Եվրոպայի Մ21 տարեկանների առաջնությանը՝ մինչև մարտի 7-ը: Սրանք վարկանիշային մրցաշարեր չեն: Վարկանիշային կլինի միայն սեպտեմբերին Ղազախստանում կայանալիք աշխարհի առաջնությունը: Իսկ հավաքականն այդ երկու մրցաշարերից հետո կմեկնի Բելառուս, որտեղ ուսումնամարզական հավաք կանցկացնի տարբեր երկրների մարզիկների հետ: Վերջին ուսումնամարզական հավաքը կանցկացնենք Երևանում, իսկ դրանից հետո՝ ապրիլին, կմեկնենք Բուխարեստ, որտեղ էլ կկայանա Եվրոպայի առաջնությունը:

– Նախարարությունների օպտիմալացմանն ինչպե՞ս եք վերաբերվում: Դա կնպաստի՞ սպորտին:

– Կարծում եմ՝ սպորտի բնագավառը շատ մեծ ու աշխատատար բնագավառ է: Չեմ կարող լիարժեք պատասխանել այդ հարցին: Իմ պատկերացմամբ, սպորտը բոլոր երկրների համար շատ կարևոր բնագավառ է, ու սպորտին պետք է մեծ ուշադրություն դարձվի և հետևողական մոտեցում: Կարծում եմ՝ բանակից հետո ամենակարևոր ճյուղը սպորտն է:

– Նիսի մրցաշարում 97 կգ քաշային կարգում Արթուր Շահինյանն էր հանդես գալիս: Եթե Եվրոպայի առաջնությանն Արթուր Ալեքսանյանը չմասնակցի, հնարավո՞ր է, որ Շահինյանը մասնակցի նրա փոխարեն:

– ԵԱ-ի կազմը կհայտարարեմ վերջին ուսումնամարզական հավաքին՝ ելնելով բոլոր մրցաշարերում, ուսումնամարզական հավաքներում գրանցած արդյունքներից ու պատրաստականությունից: Դեռևս որոշում չկա այդ հարցով:

– Իսկ առհասարակ ինչպե՞ս եք գնահատում Արթուր Շահինյանի ելույթները:

– Եթե մենք ուսումնասիրենք նրան նախորդ մրցաշրջանում, շատ մրցումների է մասնակցել 97 կգ քաշային կարգում ու ի ուրախություն մեզ՝ վերադարձել է մեդալներով: Պետք է նշեմ, որ ԵԱ-ի մասնակից 20 կամ 18 մարզիկների հանդեպ ունի առավելություն: Այդ քաշային կարգում էլ կարող է հայտ ներկայացնել: Ամեն դեպքում նրա քաշային կարգը 87-ն է: Դեռ ոչ մի քաշային կարգում կազմ չեմ հայտարարում: Պետք է մրցաշարերին մասնակցենք, հավաքներն անցկացնենք, որպեսզի վերջնական ամեն ինչ պարզ լինի:

– Իսկ ինչպիսի՞ առողջական վիճակում է Մաքսիմ Մանուկյանը՝ վերջին վնասվածքներից հետո:

– Մաքսիմ Մանուկյանը դեռևս ոչ լիարժեք է կազդուրված: Ունի խնդիրներ: Համատեղ և՛ մարզվում է, և՛ ցանկանում է անցնել բուժման կուրսը:

Լևոն Ջուլֆալակյանը նաև անդրադարձել է Արթուր Ալեքսանյանի առողջական վիճակին, ինչպես նաև խոսել է Արսեն Ջուլֆալակյանի մասին:

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ