fbpx
Քաղաքականություն

ԼՂ հակամարտությունը սկսեց նրանից, որ Ադրբեջանը որոշեց՝ չի կարող հանդուրժել հայերի ներկայությունը. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Սանկտ Պետերբուրգում գնահատելով Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու չայցելելն ու այդ օրերին ստեղծված իրավիճակը, նշեց.

«Ցավոք, մենք բախվեցինք ռասիստական դրսևորման հետ՝ Ադրբեջանի կառավարության կողմից, ու, ցավոք, սա նորություն չէ մեզ համար: Կարծում եմ՝ հիշում եք, երբ ՌԴ քաղաքացուն՝ հայկական ազգանունով, թույլ չտվեցինք մուտք գործել Ադրբեջան, երբ նա գործով մեկնում էր Բաքու, դա արտահայտում է այն ողջ իրավիճակը, որ մենք ունենք»:

Փաշինյանն ասաց՝ այն մարդկանց համար, ովքեր ոչ այնքան խորությամբ են տեղյակ ԼՂ հակամարտության պատմությանը, այս իրավիճակը ցույց է տալիս այդ հակամարտության ողջ էությունը, այն, որ հայի ներկայությունն Ադրբեջանում տաբու է: Ըստ ՀՀ վարչապետի՝ հենց դրանից էլ սկսվեց ԼՂ հակամարտությունը, երբ Ադրբեջանը որոշեց, որ հայերը տեղ չունեն, և իրենք չեն կարող հայերի ներկայությունը հանդուրժել Սումգայիթում, Բաքվում և այլուր:

«Նրանք ցանկացան ուղղակի ԼՂ բնակչության գոյությունն այնտեղ բացառել: Քանի դեռ Ադրբեջանը չի փոխում իր ընկալումը, շատ դժվար կլինի լուծել այս հակամարտությունը»,- ասաց նա:

ՀՀ վարչապետի խոսքին արձագանքեց ադրբեջանցի լրագրողներից մեկը՝ նշելով, որ Ադրբեջանը պաշտոնապես «անվտանգության երաշխիքներ էր տվել» Մխիթարյանին: Ի պատասխան՝ Փաշինյանը նշեց.

«Ես չգիտեմ՝ պաշտոնապես ինչ էր հայտարարվել: Համացանցում տեսանյութ կար, որտեղ ադրբեջանցի ոստիկանները մոտենում էին երկրպագուներին, ովքեր հագել էին Մխիթարյանի անունով մարզաշապիկներ: Եթե այդ երկրպագուները, որ ընդամենն այդ մարզաշապիկներով են, հայտնվում են ադրբեջանական ոստիկանության ուշադրության կենտրոնում, դա ամեն ինչի մասին խոսում է»:

Ի հակադրություն այս ամենի՝ Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանում նման խնդիրներ չկան: Նա հիշեցրեց՝ վերջերս «Թուրան» լրատվականի լրագրողն այցելել է Հայաստան, ոչ մի խնդիր չի ունեցել, անգամ անվտանգության հարց չի բարձրացվել:

«Կարծում եմ՝ նման դեպքերը պետք է բացառել, քանի որ դրանք սրում են իրավիճակը»,- ասաց նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ