Արցախ

ԵԱՀԿ նախագահն ու Փաշինյանը կարևորել են ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորումը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուի գլխավորած պատվիրակությանը:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։

«Վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությունն ու ընդգծել կազմակերպության դերը եվրոպական տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման գործում:

Նիկոլ Փաշինյանը և Զբիգնև Ռաուն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի շուրջ, Հայաստան-Ադրբեջան սահմանին ստեղծված իրավիճակին: Կողմերը կարևորել են ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում և նշել Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության կարևորությունը:

Զբիգնև Ռաուն հավելել է, որ ԵԱՀԿ-ն շարունակելու է ջանքերը՝ նպաստելու ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանն ու Հարավային Կովկասում կայունության և խաղաղության ապահովմանը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ», – ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ