fbpx
Զինված Ուժեր

Կառավարությունը մեր առաջ քաշած նախագիծը ներկայացնում է Կառավարության որոշման մակարդակով. ԼՀԿ պատգամավոր

«Մենք միտքը տալիս ենք, բացասական եզրակացությունը ստանում ենք Կառավարությունից, բայց Կառավարությունը ինքը մեր առաջ քաշած նախագիծը ներկայացնում է Կառավարության որոշման մակարդակով»: Այս մասին այսօր ԱԺ նիստի ժամանակ ասաց Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ ներկայացնելով  «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում» լրացում կատարելու մասին և «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքում» փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի էությունը:

Պատգամավորը նշեց, որ նախագծի էությունն այն է, որ զինծառայության անմիջապես ավարտից հետո նախատեսվում է պարտադիր բուժզզնության անցում զինծառայողների համար, որից հետո միայն նրանք կկարողանան ի հայտ բերել պատճառահետևանքային կապը, որից առաջացել են հիվանդություններ զինծառայության ընթացքում կամ դրա պատճառով և պետությունը, այս տրամաբանությունից ելնելով արդեն, կպարտավորվեր համապատասխան բուժզննության ծախսերը և բուժման ծախսերը իր վրա վերցնել:

«Հասկանում ենք, որ պետք է առաջանան նաև որոշակի ֆինանսական դժվարություններ, և նաև համապատասխան փոփոխություն էլ էինք առաջարկել 1000 դրաների հիմնադրամը կարգավորող օրենքի մեջ, և նախաձեռնության էությունն այն էր, որ որոշակի գումարներ կարող էին նաև էնտեղից ուղղորդվել զինծառայողների հիվանդության խնդիրների բուժման և վերանայման ուղղությամբ, սակայն Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց այս նախագծին, և նաև համապատասխան հանձնաժողովի նիստում բացասական եզրակացություն եղավ, բայց այդ ամենից հետո Կառավարությունը նմանաբովանդակ նախաձեռնություն, բայց Կառավարման որոշման մակարդակով, ներկայացրեց և դրեց շրջանառության մեջ: Մտավախություն է առաջանում, որ մենք միտքը տալիս ենք, բացասական եզրակացությունը ստանում ենք Կառավարությունից, բայց Կառավարությունը ինքը մեր առաջ քաշած նախագիծը ներկայացնում է Կառավարության որոշման մակարդակով: Խնդիրն այն է, որ իրավունքներ և պարտավորություններ սահմանող իրավական փաստաթղթերը չեն կարող լինել Կառավարության մակարդակի, պետք է լինեն օրենքի մակարդակի», – ասաց Տարոն Սիմոնյանը:

Քվեարկության արդյունքում ձայների 37 կողմ, 59 դեմ և 7 ձեռնպահ հարաբերակցությամբ նախագիծը չընդգրկվեց ԱԺ նստաշրջանի օրակարգ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ