fbpx
Քաղաքականություն

Փոխնախարար Լիլիա Շուշանյանը մասնակցել է հանքարդյունաբերության ոլորտին առնչվող աշխատանքային պայմանագրի օրինակելի ձևի նախագծի շուրջ աշխատաժողովին

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանի գլխավորությամբ հունիսի 15-ին տեղի է ունեցել աշխատաժողով ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից ՀՀ ՏԿԵ նախարարությանը 2020 թ․ տրամադրված տեխնիկական աջակցության շրջանակում իրականացված՝ հանքարդյունաբերության ոլորտում աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևի մշակման համար իրականացված հետազոտության շուրջ։ Աշխատաժողովին մասնակցել են ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների գրասենյակի և ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի շրջակա միջավայրի և կանաչ էկոնոմիկայի հարցերով մասնագետ Գեորգի Արզումանյանը, ADWISE խորհրդատվական ընկերության գործընկեր, խորհրդատու Արա Խզմալյանը, ընդերքօգտագործող ընկերությունների մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետներ, ճյուղային նախարարությունների և տեսչական մարմինների ներկայացուցիչներ։

Նախարարի տեղակալն իր բացման խոսքում ընդգծել է, որ վերջին տարիներին լիազոր մարմինը հանքարդյունաբերության ոլորտում որդեգրել է ոչ միայն սահմանված ծրագրերով կատարողականներ ապահովելու, այլև ոլորտից եկող ազդակներին աչալուրջ լինելու և դրանց շուրջ լրացուցիչ խորքային աշխատանքներ իրականացնելու մոտեցում։ Նման հարցերից է նաև իր բնույթով մասնավոր՝ գործատու–աշխատող հարաբերությունը, սակայն որի կանխատեսելիությունը և վստահելի միջավայրը նպաստում են արտադրական գործընթացների կայունությանը, աշխատողների և գործատուների իրավունքների պաշտպանվածությանը և պատասխանատվության հստակեցմանը։

«Անգամ գործող օրենսդրության շրջանակներում ստեղծվում են իրավիճակներ, երբ իրավական ակտերը երկու կողմերի համար էլ մատչելի չեն, տրամաբանական և կառուցվածքային առումով մեկտեղված չեն և առաջացնում են գործնական խնդիրներ ու տարաձայնություններ կիրարկման ընթացքում։ Այդ ռիսկերը նվազեցնելու նպատակով լիազոր մարմինը հանդես եկավ մարդակենտրոն այս նախաձեռնությամբ, և մշակվեց ընդերքօգտագործման ոլորտի ուղենիշային պայմանագրի օրինակելի ձևը», նշել է Լիլիա Շուշանյանը։ Ըստ փոխնախարարի՝ ոգևորիչ է, որ նման աշխատանք առաջին անգամ իրականացվել է հենց ընդերքօգտագործման ոլորտի առնչությամբ, սակայն ինչպես հավաստվել է աշխատաժողովի մասնակիցների կողմից, այն իր բնույթով ունիվերսալ է և կարող է կիրառվել նաև այլ ոլորտներում։

Արա Խզմալյանը ներկայացրել է կատարված հետազոտությունը, որով ուսումնասիրվել են Հայաստանում աշխատանքային պայմանագրերին, աշխատաժամանակին, հանգստի ժամանակին, հատուցումներին, երաշխիքներին և այլ պայմաններին առնչվող հարցերը՝ անդրադառնալով ազգային օրենսդրությանն ու դատական պրակտիկային, միջազգային պայմանագրերին և ստանդարտներին, ինչպես նաև գերատեսչությունների և ոլորտում գործող ընկերությունների հետ քննարկումների արդյունքներին և մշակված առաջարկություններին։
Աշխատաժողովի ընթացքում մասնակիցների միջև գործնական քննարկման արդյունքում լրամշակվել է նաև խորհրդատուի կողմից ներկայացված հանքարդյունաբերության ոլորտի աշխատանքային պայմանագրի օրինակելի ձևը։

2021 թ․ մայիսի 9-ին ուժի մեծ մտած Ընդերքի մասին օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն՝ ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում լիազոր մարմնի իրավասությունների ցանկում ամրագրվել է ընդերքօգտագործողների և աշխատողների միջև կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերի սահմանումը: Ուստի, տվյալ վերլուծության և շահագրգիռ կողմերի բազմաբովանդակ քննարկման հիման վրա մշակված աշխատանքային պայմանագրի օրինակելի ձևը կսահմանվի նաև ՏԿԵՆ նախարարի համապատասխան հրամանով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ