fbpx
Սպորտ

Լինելու ենք նրանց կողքին, ովքեր կարող են աջակցել հայկական ֆուտբոլի զարգացմանը․ Խորեն Քալաշյան

ՀՖՖ նախագահի, գործկոմի անդամների շրջանառվող թեկնածուների շարքում նշվում են նաև Legal Sport ֆուտբոլային գործակալության հիմնադիր, անվանի ֆուտբոլային գործակալ Խորեն Քալաշյանի և գործակալության գործադիր տնօրեն, Հայաստանի հավաքականի և մի շարք ակումբների նախկին անվանի ֆուտբոլիստ Կարեն Դոխոյանի անունները:

2017 թվականից գործունեություն ծավալող Հայաստանում ֆուտբոլային առաջին գործակալության՝ Legal Sport-ի ղեկավար կազմն անմասն չի մնում հայկական ֆուտբոլում ծավալվող իրադարձություններից։ Վերջերս Legal Sport-ը նաև հայտարարություն էր տարածել:

Խորեն Քալաշյանը ArmSport.am-ի հետ զրույցում ներկայացրել է գործակալության տեսակետը և մոտեցումները ՀՖՖ առաջիկա լայնածավալ զարգացումների շեմին.

Առաջիկա ընտրություններին Legal Sport-ի, այսպես ասած, «մասնակցության» ձևաչափի մասին Խորեն Քալաշյանի տեսակետը համընկնում է հայկական ֆուտբոլի մասին շահագրգիր կողմերի մոտեցմանը, այն է հանրային քննարկման միջոցով համաձայնության հասնել.

«Առաջին հերթին փորձ ենք անելու շահագրգիռ կողմերին և թեկնածուներին բերել հանրային քննարկման բաց դաշտ` ծանոթանալու նրանց զարգացման տեսլականին և ներկայացնելու մերը: Այդ քննարկումները կթելադրեն մեր հետագա անելիքները»։

Ինչպես հայտնի է, ՀՖՖ նախագահի կամ Գործկոմի անդամի թեկնածու կարող են առաջադրել ՀՖՖ-ում ընդգրկված հասարակական կազմակերպությունները, որոնց մեծ մասը կազմում են ակումբները: Իրադարձությունների այնպիսի զարգացման դեպքում, եթե Legal Sport-ի անդամները որոշեն մասնակցել ընտրություններին, ապա անհրաժեշտ է, որպեսզի տվյալ անդամը լինի որևէ ՀԿ-ի թեկնածուն: Քալաշյանը նշեց, որ գործակալությունը դեռևս իր դիրքորոշումը հստակ չի հայտնել, ուստի դեռևս վաղ է խոսել այդ մասին:

Ամեն դեպքում, որպես հայկական ֆուտբոլում ծավալուն գործունեություն կատարող սուբյեկտ՝ Legal Sport-ի թիմը չի կարող անմասն մնալ կատարվողից: Քալաշյանը համաձայնեց, որ հայկական ֆուտբոլին նվիրված անձինք, կազմակերպությունները չեն կարող լուռ հետևել այս ամենին.

«Որպես ֆուտբոլային սուբյեկտ, որտեղ հավաքված են ֆուտբոլային գիտելիքներ և փորձ ունեցող մարդիկ, այսօրվա վակումում, կողքից հետևելը մի տեսակ ազնիվ էլ չէ, ճիշտ չէ։ Իսկ բիզնեսի տեսանկյունից հայկական ֆուտբոլի զարգացումը ուղիղ համեմատական է մեր գործակալության հաջողություններին»:

ՀՖՖ-ում ՀԿ-ների ներկայությունը գրեթե բոլորին մտահոգող հարց է: Վերջին շրջանում որոշ ՀԿ-ներ ձեռք են բերել «ֆեյք» պիտակը: Այն հարցին, թե արդյո՞ք պատրաստ են առաջարկի դեպքում համագործակցել ՀԿ-ների հետ, Խորենի պատասխանը հեգնական էր. «Ո՞ր ՀԿ-ների մասին է խոսքը. այն, որ 1-1.5 տարվա ընթացքում ՀՖՖ-ն և գործկոմը այդպես էլ չբացահայտեցի՞ն…»։

Իրավիճակ է ստեղծվել, երբ հարկավոր է հայկական ֆուտբոլով մտահոգ անձանց համախմբվածությունը: Քալաշյանի պնդմամբ իրենք հենց նրանց կողքին են լինելու.

«Լինելու ենք բոլոր նրանց կողքին, ովքեր իրենց փորձով և գիտելիքներով կարող են աջակցել հայկական ֆուտբոլի զարգացմանը, բայցև միևնույն ժամանակ շարքային ֆուտբոլային «մուտիլովշիկներ» չեն»։

Հիշեցնենք, որ Legal Sport-ը Ռուսաստանում գործող հայտնի գործակալություն է: 2017 թվականին Խորեն Քալաշյանը հիմնել է երևանյան մասնաճյուղը, որը մեր երկրում տեսակի մեջ առաջինն է և դեռևս միակը: Գործակալության հաճախորդներ են «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Գևորգ Ղազարյանը, Էրիկ Վարդանյանը, Անատոլի Այվազովը, տարբեր տարիքային հավաքականի առաջատար ֆուտբոլիստներ Հովհաննես Հարությունյանը, Արմեն Հովհաննիսյանը, Էրիկ Ազիզյանը և այլք: Գործակալության հաճախորդներ են նաև արտասահմանցի ֆուտբոլիստներ մարոկկական արմատներով հոլանդացի Օթման Էլ Կաբիրը («Ուրալ»), լիտվացի Օվիդիուս Վերբիցկասը («Սուդուվա») և Դոնատաս Կոնիկասը («Պալանգա»), ռուս Միխայիլ Կիզեևը («Զենիթ-2») և այլք:

Գործակալությունը կազմակերպել էր նաև ֆուտբոլային գործակալների դասընթացներ, որին մասնակցում էր նախկին ֆուտբոլիստ, Ռուսաստանում մեծ ճանաչում ունեցող Անդրեյ Մովսեսյանը:

Գրում է ArmSport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ