Հենրիկ Էդոյանը տասնամյակներ շարունակ իր ակտիվ ներկայությունն է ապահովել հայ ժամանակակից պոեզիայում։ Փետրվարի 5-ին ընթերցողին ներկայացվեց նրա նոր՝ «Լույսը ձախ կողմից» բանաստեղծությունների ժողովածուն, ինչի առիթով էլ «Զանգակ» գրատանը կազմակերպվել էր հանդիպում հեղինակի հետ։
Միջոցառումը մարդաշատ էր, ներկա էին ինչպես գրողի սերնդակիցներն, այնպես էլ երիտասարդներ, ովքեր հնարավորություն ունեցան հարց ու պատասխանի միջոցով ավելի մոտիկից ծանոթանալ Էդոյանի հետ։ Հանդիպումը վարում էր գրականագետ Հայկ Համբարձումյանը։
– Գրքի շապիկի վրա կա բանաստեղծություն, որը նաև ժողովածուի ամենավերջին բանաստեղծությունն է: Այստեղ պոետը հետաքրքիր ձևով փորձում է հասկանալ՝ ինչ է քնարերգությունը և ում համար է նախատեսված, հարց, որը տվել է համաշխարահյին գրականության յուրաքանչյուր բանաստեղծ։ Հենրիկ Էդոյանը պատասխանել է, որ դրաման մեզ համար է (մարդկանց), վեպը՝ ժամանակի, բայց Աստված նախընտրում է քնարերգությունը։ Ինչու՞ է Աստված նախընտրում քնարերգություն։-
– Աստծուն հարցրեք։ Ես լիրիկան համարում եմ մարդկային լեզվի բարձրագույն դրսևորումը, իսկ լեզուն տիեզերական գաղտնիք է, ամեն ինչ տրված է լեզվի մեջ։ Պատմության մեջ շատ գրողներ կան, որոնք տարբեր ժանրերում են գրում, բայց առաջին հերթին նրանք բանաստեղծներ են։ Վոլֆգանգ Գյոթեն 122 հատոր է գրել, բայց հիմա Գյոթեի մասին խոսում են որպես պոետի։ Քնարերգության մեջ մարդն ինքն իր հետ, ինքն իրենից է խոսում։ Ինչքան էլ «Աննա Կարենա»-ն հանճարեղ վեպ է, բայց Բլոկի մի քանի տողն ավելի շուտ է հասնում Աստծուն։ Մի քիչ փոխաբերական իմաստով ասեմ, որ կարծում եմ՝ քնարերգությունը մի քիչ կարող է մրցել երաժշտության հետ, լիրիկան բառերի մեջ տրված երաժշտությունն է։
Ամբողջական հոդվածը կարող եք դիտել այստեղ՝ news.1dr.am