Լիտվայի օրենսդիր մարմնում՝ Սեյմում, մարտի 20-ին տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի օրվան նվիրված «Ֆրանկոֆոնիան, ժամանակակից աշխարհը և թվային տարածությունը» խորագիրը կրող կոնֆերանսը, որին մասնակցել և ելույթով հանդես է եկել Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը։
ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից տեղեկացնում են, որ միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել Լիտվայի Սեյմի պատգամավոր, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում Լիտվայի պատվիրակության ղեկավար Արունաս Գելունասը (Arūnas Gelūnas), որը մասնավորապես նշել է, որ չնայած ՖՄԿ-ում Լիտվան ունի դիտորդի կարգավիճակ` այնուամենայնիվ ակտիվորեն մասնակցում է միջոցառումներին և խրախուսում ֆրանկոֆոն արժեքների տարածումն իր երկրում։
Ներկաներին ուղղված իր խոսքում դեսպան Մկրտչյանը նշել է, որ գիտաժողովի թեման պատահական չի ընտրվել, քանզի այսօր Ֆրանկոֆոնիան նաև թվային տարածություն է նորարարությունների և զարգացումների համար։ Անդրադառնալով Հայաստանի՝ որպես Ֆրանկոֆոնիայի ընտանիքի ակտիվ անդամի գործունեությանը կազմակերպությունում` դեսպան Մկրտչյանն ասել է, որ մեր երկիրը բոլոր հնարավոր ուղղություններով տարածում է Ֆրանկոֆոնիան և վերջինիս գաղափարները։
Ներկայացնելով 2018թ․ հոկտեմբերին Երևանում տեղի ունեցած ՖՄԿ 17-րդ գագաթաժողովի արդյունքներն ու ձեռքբերումները՝ Տ․Մկրտչյանը միաժամանակ հայտնել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում զարգացումն ու առաջընթացը ՀՀ կառավարության առաջնահերություններից է, որի իրականացման համար կարևոր դեր է խաղում նաև ՖՄԿ թվային և տնտեսական ռազմավարությունը։