Նոյմբերի 13-ին Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպվել է պաշտոնական ընդունելություն՝ ի պատիվ ՀՀ ԱԳ նախարարի այցի, ի նշանավորումն ՄԹ-ում ՀՀ դեսպանության նոր շենքի բացման և ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության մեկնարկի:
Միջոցառմանը մասնակցել են ՄԹ խորհրդարանի պատգամավորներ, արտաքին, համագործակցության և զարգացման նախարարության ներկայացուցիչներ, ՄԹ-ում հայկական համայնքի, հասարակական-քաղաքական գործիչներ։
Ողջույնի և շնորհավորական խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ՄԹ արտաքին, համագործակցության և զարգացման նախարարության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վարչության տնօրեն Քրիս Ալանը, ՄԹ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսիսյանը։
Արարատ Միրզոյանն իր խոսքում մասնավորապես նշել է. «Մենք այստեղ ենք երկու կարևոր առիթներով։
Առաջին հերթին նշելու Լոնդոնի սրտում գտնվող Հայաստանի նոր դեսպանության բացումը: Մեզ համար այս շինությունը նշանավորում է Միացյալ Թագավորության հետ Հայաստանի հարաբերությունների կարևորագույն հանգրվանը և ի ցույց է դնում այն նշանակությունը, որը մենք տալիս ենք ընդհանուր արժեքների, փոխադարձ հարգանքի և խաղաղության, ժողովրդավարության և տնտեսական զարգացման վրա հիմնված մեր հարաբերությունների խորացմանը:
Այս տարի Հայաստանն ու Մեծ Բրիտանիան նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 32-ամյակը, սակայն մեր կապերը դարերի պատմություն ունեն։ Այս լուրջ հիմքերի վրա Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը զգալի առաջընթաց են գրանցել քաղաքական երկխոսության և տնտեսական համագործակցության ամրապնդման, առևտրային ավելի ամուր կապերի խթանման և զբոսաշրջության, կրթության ու մշակույթի միջոցով ժողովուրդների միջև ավելի սերտ փոխգործակցության խթանման գործում: Դեսպանության նոր շենքի բացումը մեր ամուր հարաբերությունների և համագործակցությունը խորացնելու պատրաստակամության վկայությունն են։
Մենք այստեղ ենք նաև Հայաստանի և ՄԹ միջև ռազմավարական երկխոսության հաստատումը նշելու համար: Սա իսկապես նոր հանգրվան է մեր երկկողմ հարաբերություններում, որը մեզ տրամադրում է տարածաշրջանային անվտանգության, կայուն զարգացման և մարդու իրավունքների կարևոր ոլորտներում համագործակցությունն ամրապնդելու ընդլայնված շրջանակ: Ռազմավարական երկխոսության միջոցով մենք վերահաստատում ենք Միացյալ Թագավորության հետ սերտորեն աշխատելու մեր հանձնառությունը՝ համաշխարհային մարտահրավերներին դիմակայելու և մեր ընդհանուր շահերն առաջ մղելու հարցում: