ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ առերևույթ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, հայտնում են ՀՀ ՔԿ պաշտոնական կայքից։
Նշվում է, որ Լոռու մարզի բնակչուհին, աշխատելով Սպիտակ քաղաքում գործող ընկերություններից մեկում, տեղեկացված լինելով, որ տնօրենի որդին որպես պատգամավորի թեկնածու ընդգրկված է կուսակցությունների դաշինքներից մեկում, նրան աջակցելու նպատակով, զանգահարել է համագյուղացուն և որպես կաշառք՝ առերևույթ առաջարկել 10 000 ՀՀ դրամ ընտրակաշառք: Ստանալով մերժում՝ զանգահարել է մեկ այլ համագյուղացու և խոստացել չեղարկել վերջինիս կողմից իրեն պարտք եղած 7.500 ՀՀ դրամ գումարը, եթե 2021թ. հունիսի 20-ին կայանալիք ընտրություններին քվեարկի դաշինքի օգտին:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Գուգարքի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով, որի նախաքննությունը կատարվում է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում:
Լոռու մարզի բնակչուհին ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով և տվել ինքնախոստովանական ցուցմունք:
Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական գործողություններ՝ հարցաքննվել են մի շարք վկաներ, կատարվել են առերես հարցաքննություններ, խուզարկություն:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: