Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ընդունեց գործարար Տիգրան Ալեքսանյանին և «ԱրխիԴաչ», «Առդեսկ» ընկերությունների ներկայացուցիչ Սարգիս Հակոբջանյանին: Հանդիպմանը ներկա էր նաև մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը: Տիգրան Ալեքսանյանը մարզի ղեկավարին տեղեկացրեց, որ նախատեսում է Մարգահովիտ համայնքում իրականացնել շուրջ 2-3 մլն դոլար արժողությամբ խոշոր ներդրումային ծրագիր՝ հիմնելով Էկո-ռիզորթ ՝ հյուրանոցային համալիր, ձիրաշավարան՝ ամառային և ձմեռային լիարժեք հանգստի համար նախատեսված բոլոր հարմարություններով և ժամանցների կազմակերպմամբ, էկոլոգիապես մաքուր սննդի մատուցմամբ և այլն:
– Այն եզակի զբոսաշրջային գոտի կլինի Լոռու մարզում: Նախատեսվում է ստեղծել հրաշալի միջավայր՝ մարզում զբոսաշրջությունը զարգացնելու, հետևաբար նաև՝ Լոռու մարզի տնտեսական զարգացումը խթանելու նպատակով,-ասաց գործարարը:
Վերջինս նշեց, որ աշխատում է «ԱրխիԴաչ» և «Առդեսկ» ընկերությունների ճարտարապետական թիմի հետ, ովքեր ներկա դրությամբ իրականացնում են նախագծային աշխատանքներ:
Գործարարը տեղեկացրեց որ ներկայում կազմակերպչական խնդիրներն են կարգավորվում, իսկ բուն աշխատանքները կմեկնարկեն արդեն հաջորդ տարի: Ա. Ղուկասյանը պատրաստակամություն հայտնեց անպայման սատար լինել ծրագրի իրականացմանը՝ հայտնելով իր անվերապահ աջակցությունը:
– Ես անձամբ և Լոռու մարզպետարանը պատրաստ ենք աջակցելու Լոռու մարզում իրականացվելիք բոլոր ներդրումային ողջունելի ծրագրերին, որոնք կնպաստեն մեր մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը և բնակչության կենսամակարդակի բարձրացմանը,-ասա Ա. Ղուկասյանը:
Այս մասին տեղեկացնում են Լոռու մարզպետարանի պաշտոնական կայքից։