fbpx
Իրավական

Լրագրողը ձերբակալվել է ՃՈ պաշտոնյայից խոշոր չափերի շորթում կատարելու կասկածանքով

Հունիսի 19-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացվել է ճանապարհային ոստիկանության պաշտոնատար անձի զեկուցագիրը, ըստ որի՝ հունիսի 18-ին նրա աշխատասենյակ է ներկայացել մի լրագրող կին ու հայտնել է, թե իբրև պաշտոնատար անձի վերաբերյալ ունի վարկաբեկիչ տեղեկություններ և սպառնացել է, որ տեղեկատվությունը չորս լրատվամիջոցով կհրապարակվի։ Այդ քայլին չդիմելու համար պահանջել է 800․000 դրամ։

Հաղորդումից անմիջապես հետո ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողների կողմից ձեռնարկվել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։

Նշենք, որ հունիսի 19-ին՝ ժամը 16․30-ի սահմաններում, լրագրողը կրկին այցելել է ՃՈ պաշտոնատար անձի աշխատասենյակ՝ պահանջված գումարը վերցնելու։

Կինը նախօրոք պահանջած 800․000 դրամի փոխարեն արդեն պահանջել ու վերցրել է 400․000 դրամ։ Գումարը ստանալուց անմիջապես հետո ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները մուտք են գործել աշխատասենյակ։ Կնոջ մոտից հայտնաբերվել և առգրավվել են շորթմամբ հափշտակված 400․000 դրամը։

Ավելի ուշ Քննչական կոմիտեին հաղորդագրություն տարածեց՝ տեղեկացնելով, որ դեպքի առթիվ 2019թ. հունիսի 19-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1 կետով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում:

Լրագրողը ձերբակալվել է խոշոր չափերի շորթում կատարելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ