ԼՂ-ում 1900 պայուսակ կկարվի. դրանք կնվիրվեն առաջին դասարան հաճախողներին

ԼՂ ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ «Հայ կրթական հիմնարկություն» հիմնադրամը հանձն է առել այս տարի առաջին դասարան հաճախող փոքրիկներին նվիրել 1900 դպրոցական պայուսակ։

Պայուսակները կարվելու են հենց Լեռնային Ղարաբաղում, այնուհետև նախարարության կողմից տրամադրվելու են առաջին դասարանցիներին։

«Սա յուրօրինակ արձագանք է նախարարության կողմից օրերս հայտարարված «Լույսի պայուսակ» ակցիային։ Գտնվել են նաև այլ բարի մարդիկ ու կազմակերպություններ, որոնք իրենց միջոցներով ձեռք են բերել նոր պայուսակներ առաջինցիներին նվիրելու համար։

ԿԳՄՍ նախարարությունը շնորհակալություն է հայտնում «Հայ կրթական հիմնարկություն» հիմնադրամին, բոլոր բարեգործներին ու մեր բնակիչներին ակցիային արձագանքելու և մասնակցելու համար։
«Լույսի պայուսակ» ակցիան, այդուհանդերձ, դեռ կշարունակվի։ Հավաքագրված պայուսակներից կարող են օգտվել բոլոր այն աշակերտները, որոնք հնարավորություն չեն ունենա ձեռք բերել խանութներից»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ամենաթարմ