Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բրազիլիայում գտնվող Ամազոնի խոնավ արևադարձային անտառներում ռեկորդային թվով հրդեհները կոչել է միջազգային ճգնաժամ, որը պետք է առաջնային քննարկման դրվի Մեծ Յոթնյակի (G7)՝ օրերս կայանալիք գագաթնաժողովի օրակարգում:
«Մեր տունն այրվում է: Ամազոնյան անտառները, որոնք արտադրում են մոլորակի թթվածնի 20%-ն, այրվում են: Դա միջազգային ճգնաժամ է: G7-ի անդամ երկրնե՛ր, եկե՛ք առաջնահերթ քննարկենք այդ հարցը»,- թվիթերյան իր էջում գրել է Ելիսեյան պալատի ղեկավարը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը նույնպես մեկնաբանել է Ամազոնյան անտառներում բռնկված ռեկորդային թվով հրդեհները՝ նշելով, որ խորապես մտահոգված է այդ առիթով:
«Գլոբալ տաքացման ճգնաժամի կիզակետում մենք չենք կարող թույլ տալ, որ թթվածնի՝ այդքան մեծ աղբյուրը վնասներ կրի: Հարկավոր է պահպանել Ամազոնյան անտառները»,- ասել է նա:
Նշենք, որ Ամազոնի խոնավ արևադարձային անտառն աշխարհում ամենամեծն է, և այն կենսական նշանակություն ունի տարբեր գազերի արտանետումների կլանման գործում: Այն նաև աշխարհում դանդաղեցնում է գլոբալ տաքացումը:
Հաղորդվում է, որ հրդեհների թվի ռեկորդային աճի համար քննադատները մեղադրում են Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուին, որը, ըստ նրանց, չի կանգնեցնում անտառահատումներն ու ֆերմերներին խրախուսում է ընդլայնել իրենց տարածքները: Բոլսոնարուն իր հերթին հրդեհների համար մեղադրել է ոչ կառավարական կազմակերպություններին՝ միևնույն ժամանակ խոստովանելով, որ մեղադրանքը հիմնավորող ապացույցներ չունի:
