Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ երկիրը պատրաստ է միջազգային օգնություն ստանալ Կարմիր խաչի միջազգային կոմիտեից (ԿԽՄԿ):
«Մենք հաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ համագործակցության մեխանիզմներ ստեղծելու միջազգային օգնության և աջակցության համար»,- գրել է Մադուրոն թվիթերյան իր էջում ԿԽՄԿ-ի նախագահ Փիթեր Մաուրերի հետ կայացած հանդիպումից հետո:
Մադուրոն, որը ժխտում է, որ Վենեսուելայի ներկայիս իրադրությունը կարելի է բնութագրել որպես հումանիտար ճգնաժամ, Մաուրերի հետ հանդիպումից հետո հաստատել է, որ ԿԽՄԿ-ի հետ համագործակցության շրջանակներում հարկավոր է հարգել «Վենեսուելայի իրավակարգը»:
ԿԽՄԿ-ի պատվիրակությունը՝ Մաուրերի գլխավորությամբ, հարավամերիկյան այս երկրում է ապրիլի 6-ից և իր այցը պետք է ավարտի ապրիլի 10-ին: Անցած ուրբաթ օրը՝ ապրիլի 5-ին, ԿԽՄԿ-ն հայտարարել էր, որ «անհանգստացած է վենեսուելացիների վրա ներկայիս իրադրության լուրջ ազդեցության կապակցությամբ, հատկապես նրանց, ովքեր չունեն հիմնական ծառայություններից օգտվելու հնարավորություն»: