ԱՄՆ-ը, արգելելով թռիչքները Վենեսուելա, վնասել է ոչ միայն վենեսուելացիներին, այլ նաև իրեն։ Այսպես է մտածում լատինամերիկյան երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն։
ԱՄՆ Քաղաքացիական ավիացիայի վարչությունը (FAA) մայիսի 1-ից արգելել է ամերիկյան ավիաընկերություններին թռիչքներ կատարել Վենեսուելա «քաղաքական անկայունության և լարվածության» պատճառով և կարգադրել հեռանալ Վենեսուելայից 48 ժամվա ընթացքում։ Իսկ մայիսի 15-ին ԱՄՆ տրանսպորտի նախարարությունը կարգադրել է դադարեցնել ավիահաղորդակցությունը Վենեսուելայի հետ։
«Ո՞վ էր թռչում այդ չվերթներով։ Վենեսուելացիները, որոնք ապրում են ԱՄՆ-ում և Վենեսուելայում։ Վենեսուելացիները, որոնք բիզնես ունեն ԱՄՆ-ում, հարազատներ կամ կեցության իրավունք ունեն և պարբերաբար մեկնում են ԱՄՆ։ Եվ բացի դրանից` խոսքը ամերիկացիների և այլ ազգությունների քաղաքացիների մասին է, որոնք Վենեսուելա կամ ԱՄՆ էին գնում։ Թռիչքները դադարեցնելով` նրանք վնասեցին այդ վենեսուելացիներին»,- ասել է Մադուրոն։
«Ի՞նչ ստացավ Թրամփի կառավարությունը՝ դադարեցնելով թռիչքները։ Ոչինչ։ Նրանք վնասեցին իրենք իրենց և քաղաքացիներին, որոնք ազատ տեղաշարժի իրավունք ունեին։ Դոնալդ Թրամփ, դուք ագրեսոր եք, դուք գրոհել եք վենեսուելացիների և ողջ աշխարհի քաղաքացիների ազատության վրա թռիչքներն արգելելու միջոցով։ Որտե՞ղ է ազատությունը, Դոնալդ Թրամփ, որտե՞ղ է ազատությունը, որի մասին հրապարակավ հայտարարում եք»,- ավելացրել է նախագահը։
Ըստ Մադուրոյի՝ այդ որոշումն անդրադարձել է նաև գործարարների և ունևոր մարդկանց վրա։ Դա ատելության և վրեժի որոշում է։
«Նրանք վնաս են հասցրել Վենեսուելայի միջին դասի քաղաքացիներին և իրենց սեփական քաղաքացիներին։ Այս գործողությունն անուն չունի»,- ասել է Մադուրոն։
Վենեսուելայում հունվարի 21-ին սկսվեցին զանգվածային բողոքներ նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ նրա երդմնակալությունից հետո։ Ազգային ասամբլեայի ղեկավար, ընդդիմադիր Խուան Գուայդոն ապօրինաբար իրեն ժամանակավոր նախագահ հռչակեց։ Արևմուտքի մի շարք երկրներ ԱՄՆ գլխավորությամբ հայտարարեցին, որ ընդունում են Գուայդոյին։ Իր հերթին, Մադուրոն խորհրդարանի ղեկավարին անվանեց ԱՄՆ խամաճիկ։ Ռուսաստանը, Չինաստանը, Թուրքիան և մի շարք այլ երկրներ աջակցեցին Մադուրոյին որպես լեգիտիմ նախագահի։ Մոսկվայում Գուայդոյի «նախագահական կարգավիճակն» անվանել են գոյություն չունեցող։