fbpx
Հասարակություն

Մահացել է Երուսաղեմի Հայ Դատի գրասենյակի ղեկավար Ժորժետ Ավագյանը

«Հայերն այսօր»-ը գրում է․

Հունիսի 13-ին Երուսաղեմում մահացել է երուսաղեմահայ ազգային-հասարակական գործիչ, Երուսաղեմի Հայ Դատի հերթապահ, մանկավարժ, լեզվաբան, պատմաբան Ժորժետ Ավագյանը:

Ժորժետ Ավագյանը ծնվել է 1938 թվականի դեկտեմբերի 6-ին, Իսրայելի Ռամի գյուղում: Ավարտել է տեղի երկրորդական վարժարանը:

1960 թվականին ավարտել է Երուսաղեմի Եբրայական համալսարանը՝ ստանալով բակալավրի աստիճան՝ կրթության կառավարում և կրթական հոգեբանություն մասնագիտությամբ:

1966 թվականին ստացել է նույն համալսարանի բակալավրի աստիճան՝ Արաբերեն լեզու և գրականություն, Ընդհանուր և Միջին Արևելքի պատմություն մասնագիտությամբ:

1972 թվականին ավարտել է Եբրայական համալսարանի դասական արաբերեն բաժնի մագիստրատուրան:

1976-1977 թթ. վերապատրաստման ծրագրով մեկնել է ԱՄՆ և սովորել Հարվարդի համալսարանի Կրթություն և կրթության կառավարում բաժնում:

1980 թվականին ավարտել է նույն համալսարանի պատմության բաժնի մագիստրատուրան:

1990 թվականին ստացել է Եբրայական համալսարանի Միջին Արևելքի պատմության բաժնի դոկտորի կոչում:

Աշխատանքային գործունեությունն սկսել է 1957 թվականին՝ 18 տարեկան հասակում, որպես ուսուցիչ: Այնուհետև 1 տարի անց նշանակվել է դպրոցի տնօրեն՝ մինչև 2003թ.:

1982-2003 թվականներին դասախոսել է Հայֆայի համալսարանի Միջին Արևելքի պատմության բաժնում: Դասախոսել է նաև Իսրայելի տարբեր քոլեջներում:

Մի քանի անգամ ընդգրկվել է Իսրայելի կրթության նախարարության արաբական և հրեական դպրոցների ուսումնական ծրագրերի պատրաստման հանձնաժողովներում և հաճախ ներկայացրել է Իսրայելի Պետությունը՝ նախագահելով արտասահման գործուղված բազմաթիվ պատվիրակություններ:

1974 թվականին Աբրահամ Սուրթուկյանի հետ հիմնադրել է Երուսաղեմի Հայ դատի մասնաճյուղը:

1985 թվականից զբաղեցրել է Երուսաղեմի Հայ դատի գրասենյակի ատենապետի պաշտոնը:

1991 թվականից անդամակցել է ՀՅԴ կուսակցությանը:

1995 թվականից Երուսաղեմի ՀՅԴ կոմիտեի անդամ էր:

Անդամակցում էր նաև տեղական հրեական և պաղեստինյան մի շարք քաղաքացիական և հասարակական կազմակերպությունների:

Ժորժետ Ավագյանի՝ Իսրայելի Մերեց կուսակցության և այլ քաղաքական կուսակցությունների համագործակցության արդյունքում, վերջին տարիներին մի քանի անգամ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը ընդգրկվել է Իսրայելի Կնեսետի օրակարգում: Հաճախ է ներկայացրել ՀՅԴ Իսրայելի մասնաճյուղը և Երուսաղեմի Հայ դատի գրասենյակը Հայաստանում և արտերկրում կազմակերպված ժողովներին ու համագումարներին:

1988 թվականին Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո ուղեկցել է Իսրայելից օգնության ժամանած մասնագիտական խմբին և տեղում համակարգել իսրայելյան մարդասիրական օգնության աշխատանքները: Իր օժանդակությունը շարունակել է նաև Իսրայելում՝ շուրջ 70 անդամալույծ վիրավորների բուժման և վերականգնողական աշխատանքներում, որի համար արժանացել է Խորհրդային Հայաստանի Գերագույն Խորհրդի շքանշանի և պատվոգրի:

1988-1994 թվականներին իր նշանակալի օժանդակությունն է բերել Արցախյան հերոսամարտին՝ կազմակերպելով դրամահավաք և նվիրատվություններ: Հայրենանվեր գործունեության համար 2005 թ. շնորհվել է ՀՀ անձնագիր:

Հայաստան- Սփյուռք գործակցությանը նշանակալի ծառայություններ մատուցելու, Հայաստանի և Սփյուռքի միջև, սփյուռքի տարբեր համայնքների միջև կապերի ամրապնդման գործում ներդրում ունենալու, մատաղ սերնդի, երիտասարդության ուսուցման և հայեցի դաստիարակության գործում ձեռք բերած հաջողությունների, ազգային-հասարակական գործունեություն ծավալելու, ինչպես նաև հայապահպանության գործում մեծ ավանդ ունենալու համար 2017թ. պարգևատրվել է ՀՀ սփյուռքի նախարարության Ոսկե մեդալով:

Տիրապետում էր հայերեն, արաբերեն, անգլերեն, եբրայերեն, թուրքերեն (օսմանյան և ժամանակակից) և ֆրանսերեն լեզուներին:

Հավելենք, որ Ժորժետ Ավագյանի հուղարկավորությունը տեղի կունենա հունիսի 14-ին՝ Ռամիի Սուրբ Գևորգ հունական եկեղեցում, ժամը 16:00-ին:

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ