ՄԱԿ-ում ՀՀ-ն ներկայացրել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքները Facebook-ի էջից տեղեկացանք, որ հունվարի 21-ին տեղի է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի լիագումար նիստը, որի ընթացքում գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ներկայացրել է ՄԱԿ-ի 2021 թ․ գործունեության վերաբերյալ զեկույցը։
«Հանդիպմանը ելույթով հանդես է եկել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը՝ անդրադառնալով կազմակերպության գործունեությանը և գերակայություններին։
Մհեր Մարգարյանը, մասնավորապես, նշել է, որ բազմակողմանիության առջև ծառացած մարտահրավերները ցույց են տալիս ՄԱԿ-ի դերակատարության մեծացման անհրաժեշտությունը՝ միջազգային իրավունքի և իր հիմնարար արժեքների պաշտպանության գործում։ Որպես ահագնացող նոր միտումներ՝ մատնանշվել են միջազգային իրավունքի աղավաղումն ու նենգափոխումը՝ ուժի կիրառման, ինքնության հիմքով հանցանքների, ինքնորոշման իրավունքի ճնշման և պատերազմներից տուժած հանրություններին միջազգային հանրությունից մեկուսացնելու փորձերը։
- ՄԱԿ-ում ՀՀ-ն ներկայացրել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքները
- Զարեհ Սինանյանն այցելել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն
Նշվել է, որ, չնայած գլոբալ զինադադարի վերաբերյալ գլխավոր քարտուղարի կոչին՝ այս նախաձեռնությունն իրականություն չի դարձել և «մեր տարածաշրջանում 2020 թ․ աշնանը մենք ականատես ենք եղել Լեռնային Ղարաբաղի դեմ բիրտ ագրեսիայի, ինչը բազում մահերի, բնակավայրերի ամբողջական ավերման, կենսական ենթակառուցվածքների ոչնչացման և խոշոր հումանիտար ճգնաժամի պատճառ է դարձել»։
Ընդգծվել է, որ Արցախի ժողովուրդը մինչ այսօր շարունակում է կրել ագրեսիայի հետևանքները, իսկ Լեռնային Ղարաբաղ հումանիտար մուտքի խոչընդոտումն ու քաղաքականացումը թույլ չեն տալիս ՄԱԿ-ին համապարփակ հումանիտար աջակցություն ցուցաբերել տուժած բնակչությանը։
Դեսպան Մարգարյանն անդրադարձել է Covid-19 համավարակի առողջապահական, սոցիալ-տնտեսական, հումանիտար և մյուս հետևանքների հաղթահարման գլոբալ ջանքերը համակարգելու ու առաջնորդելու հարցում ՄԱԿ-ի դերակատարությանը։
Կայուն զարգացման նպատակների իրագործման համատեքստում ընդգծվել է դեպի ծով ելք չունեցող երկրների կարիքներին առավել մեծ ուշադրության հատկացման անհրաժեշտությունը։
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչն աջակցություն է հայտնել նաև գլխավոր քարտուղարի կողմից բարեփոխումների օրակարգն առաջ մղելու ջանքերին՝ ուղղված ՄԱԿ-ի համակարգի ճկունության, ներդաշնակության և արդյունավետության բարձրացմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։