fbpx
Հասարակություն

Մակունցը և Արագածոտնի մարզպետը պատասխանել են Մարուքյանի հրապարակմանը

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` ի պատասխան Էդմոն Մարուքյանի գրառման՝ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի կողմից տարիներ առաջ ակցիայի ընթացքում Ռուսաստանի Դաշնության դրոշը տրորելու վերաբերյալ.

1. Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն այսօր ավելի ուշ մանրամասներ կներկայացնի ակցիայում տեղի ունեցածի վերաբերյալ և այն մասին՝ արդյոք այրվել է դրոշ, թե՝ ոչ, կամ տրորվել է դրոշ, թե՝ ոչ:

2. Հանրությանը տեղեկացնում եմ, որ պարոն Մարուքյանի կողմից մատնանշվող ակցիան առնչվում է տարիներ առաջ Պերմյակովի կողմից սպանված Ավետիսյանների ընտանիքին և դրան հաջորդող տարատեսակ ակցիաներին, որոնք անցկացվել են թե՛ Գյումրիում, թե՛ Երևանում:

3. Հիշեցնում եմ, որ այդ ողբերգական սպանությանը հաջորդող տարբեր բնույթի ակցիաներին հաղորդակից և մասնակից է եղել ոչ միայն պարոն Գևորգյանը, այլ գրեթե ողջ հայությունը: Եվ այն հոգեվիճակը, որն ունեինք բոլորս, մեզանից յուրաքանչյուրին որևէ կերպ մասնակից է դարձրել առանձին ակցիաների, այդ թվում՝ մոմավառության:

4. Ինձ համար անհասկանալի է, թե ինչու է պարոն Մարուքյանն անդրադառնում այս թեմային հիմա և ինչ նպատակ է հետապնդում: Եթե նպատակը հայ-ռուսական հարաբերություններում անվստահության սերմանումն է, ապա պիտի հիասթափեցնեմ պարոն Մարուքյանին այդ առումով զուր ջանքեր գործադրելու համար:

Իր Հերթին Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով անդրադարձավ այս հարցերին։

«Ես ոտքերս ոչ մի երկրի դրոշի վրա չեմ մաքրել, ակցիայի ժամանակ դրոշը, այո, հայտնվել է գետնին, աբսուրդ է այդ կոնտեքստով դա ներկայացնելը: Ներկայացնում են, որ Արագածոտնի մարզպետն է դա արել»,-ասել է նա։

Նա նաև հերքել է իր անվան հետ կապվող այլ տեղեկություններ. «Ես երբևիցե «Yandex» տաքսի չեմ վարել, բայց եթե երբևիցե տաքսի վարած լինեի, ազնվորեն կխոսեի այդ մասին, որովհետև դա քրեական տարրերի սպասարկել չի, ձայն փախցնել չէ, ես դրա մասին հպարտությամբ կնշեի»:

Մարզպետը հերքեց նաև լուրերը, թե ինքը գազալցակայան է մտել, այնտեղ ՀԴՄ պահանջել և դա չստանալով՝ իր ձեռքերին ազատություն տվել:

Իսկ լուրերը, թե ինքը պարբերաբար ստուգում է մարզպետարանի աշխատակիցների կողմից կատարվող աշխատանքը, այսպես մեկնաբանեց. «Ի՞նչ վատ բան կա դրա մեջ, մի քանի անգամ էլ կարող է լինել, որ ես մտնեմ աշխատասենյակ ու աշխատողին հարցնեմ, թե ինչով է զբաղվում, ինչ է անելու, ինչով է զբաղված լինելու, ի՞նչ հանցավոր բան կա դրա մեջ»:

Դավիթ Գևորգյանը նշեց, որ օրեր առաջ Երևանում վատ տեսարանի է ականատես եղել՝ մի խումբ երիտասարդներ ծեծում էին մի տղամարդու: «Կանգ առա, մոտեցա քաղաքացուն, ցավալին այն էր, որ անցնող մեքենաները չէին կանգնում…մոտեցա քաղաքացուն, տպավորություն կար, որ երիտասարդները հարբած էին, մինչև ոստիկանները ժամանեցին դեպքի վայր, էլի խփեցին քաղաքացուն…»:

Մարզպետի խոսքով՝ նման երևույթներով պետք է իրավապահ մարմինները զբաղվեն, ՀՀ-ն պետք է անվտանգ երկիր լինի:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ