Մանչեսթերի քաղաքային խորհրդի ղեկավար Բև Քրեյգը պատրաստվում է ստանձնել Միացյալ Թագավորության ամենաազդեցիկ քաղաքական պաշտոններից մեկը Լոնդոնից դուրս, քանի որ Մեծ Մանչեսթերն այս հինգշաբթի պատրաստվում է երկրի պատմության մեջ ամենախոշոր միջանկյալ ընտրություններին։ Ինչպես հաղորդում է հեղինակավոր The Guardian պարբերականը, ընտրությունները նշանակվել են այն բանից հետո, երբ նախկին քաղաքապետ Էնդի Բըրնհեմը հաղթեց Մեյքերֆիլդի միջանկյալ ընտրություններում՝ ճանապարհ հարթելով դեպի Վեստմինստեր և վարչապետի պաշտոն։
Այս ընտրություններին մասնակցելու իրավունք ունի շուրջ 2 միլիոն ընտրող։ Եթե 41-ամյա Քրեյգը հաղթի, նա կդառնա Լեյբորիստական կուսակցության ամենաազդեցիկ կին քաղաքական գործիչը Վեստմինստերից դուրս՝ ստանձնելով 3 միլիարդ ֆունտ ստերլինգ բյուջեով հսկայական տարածաշրջանի կառավարումը, որն ընդգրկում է բնակարանային ապահովման, առողջապահության, ոստիկանության և տրանսպորտի ոլորտները։
«Աշխարհը նայում է մեզ։ Երկիրը սպասում է մեր հաջողություններին։ Հիմա այն պահն է, որպեսզի Մեծ Մանչեսթերում կառուցենք մի վայր, որը կպայքարի մեզանից յուրաքանչյուրի համար և կստեղծի ապագա բոլորիս համար»,- իր նախընտրական ծրագրի ներկայացման ժամանակ հայտարարել է Քրեյգը։
Չնայած հարցումները լեյբորիստներին հստակ առավելություն են տալիս, ընտրապայքարը լուրջ մարտահրավեր է։ Կանաչների կուսակցությունը (Green Party) և «Բարեփոխումներ» (Reform UK) կուսակցությունը փորձում են օգտագործել տեղական դժգոհությունները։ YouGov-ի վերջին հարցումների համաձայն՝ Կանաչների կուսակցությունը զբաղեցնում է երրորդ տեղը՝ 17% ձայներով, սակայն կուսակցության ներկայացուցիչները վստահ են, որ իրենց իրական աջակցությունը շատ ավելի բարձր է, հատկապես Մանչեսթերի, Սոլֆորդի և Թրաֆորդի շրջաններում։
Մանչեսթերի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Ռոբ Ֆորդը նշում է, որ լեյբորիստների հաղթանակը սպասելի է, սակայն իրական քննությունը լինելու է այն, թե որքանով կուսակցությանը կհաջողվի հետ մղել Կանաչների և «Բարեփոխումներ» կուսակցության աճող ազդեցությունը արվարձաններում և բանվորական քաղաքներում, ինչպիսիք են Ուիգանը, Բոլթոնը և Բերին։
Բև Քրեյգի անձնական պատմությունը նույնպես կարևոր դեր ունի նրա քաղաքական կերպարում։ Նա մեծացել է Հյուսիսային Իռլանդիայի Գրինայլենդ աղքատ թաղամասում, որտեղ ընտանիքը բախվել է ծայրահեղ աղքատության և պարտքերի, երբ հայրը՝ ավտոմեխանիկը, աշխատանքային վնասվածք ստանալուց հետո հեռացվել է աշխատանքից։ 2003 թվականին Քրեյգը տեղափոխվել է Մանչեսթեր՝ համալսարանում քաղաքագիտություն և պատմություն ուսանելու։ 2011 թվականին նա ընտրվել է ավագանու անդամ, իսկ 2021 թվականին՝ 36 տարեկանում, դարձել Մանչեսթերի քաղաքային խորհրդի պատմության մեջ առաջին կին ղեկավարը։
Չնայած լեյբորիստական շրջանակներում նրան տեսնում են որպես ապագա նախարար, Քրեյգը հայտարարել է, որ չի պատրաստվում օգտագործել քաղաքապետի պաշտոնը որպես ցատկահարթակ դեպի Լոնդոն և հաղթանակի դեպքում կպաշտոնավարի մինչև 2028 թվականի լիարժեք ժամկետի ավարտը։ «Սա ինձ համար երազանքների աշխատանք է»,- նշել է նա։

