Իրավական
12:40 18/12/2019

Մանկահասակ երեխայի սպանության գործով նախաքննություն ավարտվել է․ մեղադրանք է առաջադրվել վերջինիս մորը

ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է մանկահասակ երեխայի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել երեխայի մորը:

Մինչդատական վարույթում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ:

Մասնավորապես՝ պարզվել է, որ 2019 թվականի օգոստոսի 30-ին` ժամը 22:00-ից 24:00-ն ընկած ժամանակահատվածում, Գյումրի քաղաքի բնակչուհին՝ ծնված 1999 թվականին, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, կպչուն ժապավենով կապել է իր՝ 2018 թվականի սեպտեմբերին ծնված մանկահասակ դստեր ձեռքերն ու ոտքերը, բերանին փաթաթել կիսաշրջազգեստ, այնուհետև երեխային բնակարանից տեղափոխել և դրել է փողոցում տեղակայված աղբարկղերից մեկի մեջ:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել էր դիակի դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացության համաձայն՝ մանկահասակ երեխան մահացել է մեխանիկական շնչահեղձությունից՝ սննդային զանգվածով շնչառական ուղիների փակման հետևանքով:

Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ երիտասարդ կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը ՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքից։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Վերեվ