fbpx
Հասարակություն

Մանկապարտեզի հովանավոր Սամվել Կարապետյանը պահանջել է աշխատանքի ընդունել միայն 25-35 տարեկանների

Facebook-յան օգտատեր Գալինա Սարգսյանը գրում է․

«Իջևանում նոր մանկապարտեզ է բացվում, բնականաբար՝ նոր աշխատատեղերով։ Այս ուրախալի հեռանկարի մասին կարդացի Իջեւանի քաղաքապետի էջում։

Րեզյումես կազմեցի (ավարտել եմ Խ.Աբովյանի անվան հայկական պետական համալսարանի մանկավարժության և հոգեբանության (նախադպրոցական) ֆակուլտետը) և մտա քաղաքապետ (արդեն նախկին) ՎարդանՂալումյանի մոտ։ Ասաց՝ փաստաթղթերդ թող տեղակալիս մոտ։ Այդպես էլ արեցի։
Հետագայում փոխվեց քաղաքապետը, այս անգամ էլ դիմեցի նոր քաղաքապետ Հայկ Ղալումյանին։ Ասաց՝ աշխատանքի են ընդունելու մրցույթային կարգով, կզանգեն՝ կտեղեկացնեն։

Հետո լսեցի, որ արդեն մանկապարտեզի վարիչն ընտրված է։ Նորից գնացի քաղաքապետի մոտ։ Հիմա էլ ասաց՝ առաջիկա օրերին կորոշենք՝ կզանգենք, կգաք մրցույթին կմասնակցեք։ Հարցրի՝ ի՞նչն եք հաշվի առնելու, ասաց՝ մասնագիտությունը, ստաժը։

Պատասխանեցի՝ երկուսն էլ ունեմ, գումարած՝ բազմազավակ մայր եմ, ամուսինս զինվորական է՝ սպա, քսան տարուց ավելի ծառայել է Հայոց բանակում, այժմ առողջական խնդիրների պատճառով թոշակի է անցել, ուսանող երեխա ունեմ, ոչ մեկս չենք աշխատում։

Գնացի տուն, սպասեցի քաղաքապետարանի զանգին։ Չզանգեցին, չկանչեցին։

Նախապես հերթագրվեցի եւ այսօր նորից գնացի քաղաքապետի մոտ։ Ահա թե ինչ ասաց քաղաքապետ Հայկ Ղալումյանը. ըստ փաստաթղթերի ես առաջին տեղում եմ, բայց մանկապարտեզի հովանավոր Սամվել Կարապետյանը զգուշացրել է, որ աշխատանքի ընդունեն միմիայն 25-35 տարեկաններին։

Ասացի՝ ես տեղյակ եմ, հետեւում եմ ՀՀ կառավարության որոշումներին, տարիքային սահմանափակում չկա, ցույց տվեք այն օրենքը, որտեղ նշված է տարիքային սահմանափակումը։

Քաղաքապետ Հայկ Ղալումյանի պատասխանը սա էր՝ ինձ բանավոր է ասել, ես ո՞նց դուրս գամ իր խոսքից։
Հակադարձեցի՝ փաստորեն «ասող» ունենք Իջևանում։ Պարոն քաղաքապետը նեղվեց՝ ինչու՞ ես վիրավորում ինձ, ես քեզ վիրավորու՞մ եմ։

Ի՞նչ է ստացվում։ Քաղաքապետարանն աշխատանքի է ընդունում՝ խախտելով ՀՀ կառավարության որոշումները, մերժում է ՀՀ քաղաքացուն աշխատանքի ընդունել՝ շեշտելով, որ փաստաթղթերով ես առաջին տեղում եմ, բայց քանի որ Սամվել Կարապետյանը նույնպես չի առաջնորդվում ՀՀ կառավարության որոշումներով, քաղաքապետը ենթարկվում է Սամվել Կարապետյանի քմահաճույքին, որովհետեւ չի կարող նրա «խոսքից դուրս գալ», եւ վերջում պարզվում է՝ անօրինական մերժվածիս համար վիրավորական չէ այս վիճակը, իսկ ճշմարտությունն ասելով՝ վիրավորում եմ քաղաքապետին։
Իսկ ես միամտորեն կարծում էի՝ Հայաստանում իրոք շատ բան է փոխվել, եւ այսուհետ բոլորս ապրելու ենք օրենքի գերակայությամբ երկրում, ոչ թե առաջնորդվելու ենք մեծահարուստ հովանավորների «բանավոր» հռչակած «օրենքներով»։

https://www.facebook.com/photo.php?fbid=1388430111315597&set=a.390755701083048&type=3&theater

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ