Մանկապատանեկան թիմերի մարզիչների գերակշիռ մասը մարզչական որակավորում չունի․ ՀՖՖ

Հրապարակող՝

Մանկապատանեկան թիմերի մարզիչների գերակշիռ մասը մարզչական որակավորում չունի․ ՀՖՖ

Ամենադիտվածներ

ՀՖՖ Մասսայական և սիրողական ֆուտբոլի բաժնի և ՀՖՖ Մասսայական ֆուտբոլի կոմիտեի նախաձեռնությամբ կազմակերպվել էր հեռավար քննարկում ՀՖՖ մարզային ներկայացուցիչների հետ։
Մոտ 4 ժամ տևած տեսակապի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր ու խնդիրներ, մասնավորապես, ՀՀ տարածքում Արտակարգ դրության չեղարկումից հետո մի շարք մարզային մանկապատանեկան մրցաշարերի վերսկսելու հնարավոր սցենարները և ֆուտբոլի մասսայականացմանն ուղղված կոնկրետ գործողությունները։

Դպրոցներում ֆուտբոլ առարկայի դասավանդման ընթացքում ի հայտ են եկել վերանայման ենթակա որոշ հարցեր, որոնք այսուհետ կլինեն ՀՖՖ Մասսայական և սիրողական ֆուտբոլի բաժնի ուշադրության կենտրոնում։

Անդրադարձ է կատարվել մարզչական կրթության խնդրին։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ՀՖՖ կողմից կազմակերպված մրցաշարերին մասնակցող մանկապատանեկան թիմերի մարզիչների գերակշիռ մասը մարզչական որակավորում չունի։ Քննարկվել է մարզիչների հնարավոր վերապատրաստումների հարցը։ Մարզիչները պետք է ստանան համապատասխան կրթություն, ինչը պատանի ֆուտբոլիստների զարգացումն ապահովելու ամենակարևոր երաշխիքն է։

ՀՖՖ Մասսայական ֆուտբոլի կոմիտեի և ՀՖՖ Մասսայական և սիրողական ֆուտբոլի բաժնի ներկայացուցիչները քննարկումների արդյունքում որոշել են նպաստել նաև սելեկցիոն աշխատանքներին՝ մարզային թիմերի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներին պատանեկան հավաքականների մարզիչներին ներկայացնելու առումով։

Մարզային ներկայացուցիչների ուշադրությանն է հրավիրվել այն հանգամանքը, որ որոշ ոչ պաշտոնական մրցաշարերում երեխաները խաղում են տարիքին անհամապատասխան ստանդարտներով, ինչը չի նպաստում երեխաների աճին ու զարգացմանը։

Այս շրջանում, չնայած ֆուտբոլային դադարին, քննարկվում են սիրողական և մանկապատանեկան մրցաշարերի նոր ձևաչափեր, որոնք ավելի կնպաստեն տաղանդավոր երեխաների հայտնաբերմանը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել խոշոր ու կարևոր մրցաշարերին պատանեկան հավաքականների մարզիչների ներկայությունն ապահովելու մասին։

Կոմիտեի ներկայացուցիչներն աշխատանք կտանեն նաև ՏԻՄ մարմինների հետ համագործակցությամբ՝ մանկապատանեկան և սիրողական մարզային թիմերին ուղղված աջակցությունը մեծացնելու ուղղությամբ։

Մարզային ներկայացուցիչներն այս շրջանում ևս շարունակում են կատարել իրենց լիազորությունները: Մասնավորապես, Շիրակի մարզում մի քանի տասնյակ երեխաների բաժանվել են գնդակներ, տրվել մարզումային անհատական ծրագրեր՝ կարանտինի ժամանակ մարզումները չդադարեցնելու համար։

Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։

Ամենաթարմ