«Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը): «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռիմա Եգանյանը:
«ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում 12.02.2021թ. և 20.02.2021թ. Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքների ժամանակ Վազգեն Մանուկյանի կողմից, իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր կատարելու առերևույթ դեպքերի առթիվ քննվող քրեական գործով որոշում է կայացվել Վազգեն Մանուկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) որպես մեղադրյալ ներգրավելու մասին»,- ասաց Եգանյանը:
Վազգեն Մանուկյանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ծանուցվել է 04.03.2021թ.՝ ժամը 11:00-ին, որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման ծանոթացման և մեղադրանքի շուրջ հարցաքննության համար վարույթն իրականացնող մարմին ներկայանալու անհրաժեշտության մասին: