Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե գոհացնում է արդյոք իրեն երկրում փոփոխությունների դինամիկան, ասաց՝ չեմ կարծում, որ պետք է շատ խոսեմ երկրում կատարված փոփոխությունների մասին, սակայն սա այն դեպքը չէ, երբ վարչապետը չի տիրապետում երկրի իրականությանը։
«Ես շատ անգամ մարդկանց մեջ եմ, նրանց հետ ուղիղ շփման մեջ։ Գրում են, որ երկիրն անկայունության, տուրբուլենտության շրջանում է, հեսա տեսեք՝ ինչ ա լինելու։ Ոչ մի բան էլ չի լինելու։ Մարդիկ կան, որ պետք է հասկանան՝ իրենց գնացքը վաղուց գնացել է և եթե փորձեն հետևից ֆեռարիով էլ հասնել, չեն կարողանալու։ Իրենց էջը փակված է, իրենք մի ճանապարհ ունեն՝ կանգնել ժողովրդի առաջ, ապաշխարել և ժողովրդից ներում հայցել», – ասաց վարչապետը՝ հավելելով, որ կառավարության դեմ սև հակաքարոզչության համար միլիոնավոր դոլարներ են ծախսվում։
Խոսելով երկրի սոցիալական վիճակից՝ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ բարձրացվել է 85 հազար մարդու սոցիալական նպաստները և թոշակները, 200 հազար մարդու աշխատավարձերը։
«2019 թվականի հունվարին երկրում համախառն առևտուրը 19 տոկոսանոց աճ է արձանագրել։ Դա ցուցի՞չ է, թե ոչ։ Այո, Հայաստանում կան մարդիկ, որոնք ավելի լավ չեն ապրում, բայց հարց է՝ կա՞ն մարդիկ, որոնք ավելի վատ են ապրում։ Մենք մարդկանց համար պետք է հնարավորություններ ստեղծենք», – ասաց ՀՀ վարչապետը՝ հավելելով, որ ինքը կասկած չունի՝ Հայաստանում տնտեսական հեղափոխությունը սկսվել է և այն հաջողելու է։