fbpx
Խորհրդարան

Մարիա Կարապետյանը հերքում է, որ ինքն է կազմակերպել ԼԳԲՏ համայնքի ներկայացուցչի ելույթը ԱԺ-ում

ԱԺ արտահերթ նիստում օրակարգից դուրս ելույթ ունեցավ Մարիա Կարապետյանը՝ անդրանդառնալով Նաիրա Զոհրաբյանի այն հայտարարությանը, թե ինքն է կազմակերպել պետական իրավական հանձնաժողովի ժամանակ տեղի ունեղած «գաղտագողի ելույթները»։

«Անհերքելի է, որ լսումները բաց են եղել բոլոր հասարակական կազմակերպությունների առաջ, և ես ոչ մի ելույթ չեմ դասավորել ոչ մեկի համար։ Բայց սրանով տիկին Զոհրաբյանի տարածած ստերի շրջանակը չի սպառվել։ Նա ստում է, թե մեր հանձնաժողովը հստակ թեմաներ է նախատեսել նիստի օրակարգի համար»,-ասաց պատգամավորը։

Նա նշեց, որ մարտի 11-ին կայացած հանձնաժողովի նիստի ժամանակ օրակարգի թեմաներ չեն հաստատվել, և դա հրապարակված է եղել խորհրդարանի կայքում։ Սակայն նիստից 3 օր առաջ այն ջնջվել է կայքից, իսկ 2 օր առաջ նոր օրակարգն ուղարկվել է հանձնաժողովի անդամներին` առանց վերջիններիս հաստատման։ Կայքը չի թարմացվել նոր թեմատիկ օրակարգով։

«Հենց ստացա առանց իմ և հանձնաժողովի անդամների հաստատված օրակարգը, այցելեցի հանձնաժողովի քարտուղարություն և հորդորեցի գրանցված բոլոր հասարակական կազմակերպություններին ուղարկել փոխված թեմատիկ օրակարգը։ Դա չարվեց։ Տիկին զոհրաբյանը ստում է, թե հասարակական կազմակերպություններին հորդորվել է գրանցվել միայն այն պարագայում, եթե նրանք օրակարգին առնչվող թեմաներին վերաբերող ելույթներ պետք է ունենան։ Սա սուտ է, քանի որ, ինչպես արդեն նշեցի, գրանցման պահին թեմաներ չեն եղել,-նշեց Մարիա Կարապետյանը։

Նա նաև հավելեց, որ ՀԿ-ների ներկայացուցիչները ԱԺ դահլիճում են առաջին անգամ տեսել օրակարգի թեմաները։ Եվ հանձնաժողովի քարտուղարությունը հրաժարվել է իրեն տալ ՀԿ-ների ցուցակը մինչև գրանցման վերջնաժամկետը։

«Լսումների համար ես մեկ ելույթ էւ ծրագրել, և այն էլ իմը։ Տիկին Զոհրաբյանին խնդրել էի լսումների փակմանը եզրափակիչ ելույթ տրամադրել ինձ, բայց քանի որ նա չգիտի առերեսվել ճգնաժամային իրադրությունների հետ և կորցնում է ինքնատիրապետումը, նա այդ ելույթը չտրամադրեց։ ես այդ ելույթը կունենամ հաջորդ նախագծի քննարկման ժամանակ»,-եզրափակեց պատգամավորը։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ