Երևանում մարտի 12-ին կանցկացվի Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև Տնտեսական համագործակցության և այլ հարակից ոլորտների ենթակոմիտեի անդրանիկ նիստը՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ներքո:
Նախատեսվում են քննարկումներ մակրոտնտեսական, այդ թվում՝ ֆիսկալ և դրամավարկային քաղաքականությունների ձևավորման, իրականացման և հեռանկարների, ինչպես նաև ֆինանսական ոլորտի զարգացման վերաբերյալ:
Անդրադարձ կկատարվի նաև այլ թեմաների, մասնավորապես պետական ֆինանսների կառավարմանը և վիճակագրությանը՝ ՀԸԳՀ «Տնտեսական համագործակցության» բաժնի ներքո: Նախատեսվում են նաև քննարկումներ Համաձայնագրի խարդախության դեմ պայքարի ու հսկողության վերաբերյալ դրույթների իրականացման շուրջ առկա առաջընթացի վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության և Եվրոպական համայնքների և անդամ պետությունների միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ) ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին և 2018 թվականի հունիսի 1-ին մտել պայմանական կիրարկման փուլ: