ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը համաձայն չէ դիտարկմանը, թե ոստիկանությունը թեև պարբերաբար բերման է ենթարկում «օրենքով գողերին», բայց իրավիճակին չի տիրապետում՝ դատելով այն հանգամանքից, որ ՀՀ-ում օրենքով գող են սպանում, բայց որև բացահայտում չի եղել:
«Անընդունելի է հայտարարությունը, թե ոստիկանությունը չի տիրապետում իրավիճակին: Ոստիկանությունը լիարժեք տիրապետում է իրավիճակին, բոլոր ժամանակներում էլ և բոլոր ոստիկանապետերի, բոլոր իշխանությունների ժամանակ էլ եղել են նման դեպքեր: Հանցագործությունն այնպիսի երևույթ է, որ հնարավոր չէ հասարակությունից և մեր առօրյայից իսպառ վերանա»,- այսօր՝ հուլիսի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:
Ինչ վերաբերում է կոնկրետ «օրենքով գող» Մասիվցի Անդիկ մականունով հայտնի Անդրանիկ Հարությունյանի սպանությանը, Օսիպյանը ասաց. «Թույլ տվեք փակագծերը չբացեմ, բայց մենք հանրությանը կներկայացնենք այս դեպքի հետ կապված մեր բոլոր հաջողությունները, որոնք կունենանք: Մենք տիրապետում ենք իրավիճակին: Ոստիկանությունը լռում է՝ ելնելով իրավիճակից:
Այդ սպանությունը պատվիրած է եղել: Ունենք կատարող, պատվիրատու: Այսքանը: Մնացածը կներկայացվի»,-ընդգծեց Օսիպյանը: նա:
Նրա խոսքով՝ հանցագործություններ կան, որոնք բացահայտման համար ժամանակ են պահանջում. «Համեմատության համար նշեմ, որ երեկ մեկ բնակարանային գողության դեպք է բացահայտվել, որը կատարվել է 1997 թ-ին, 23 տարի առաջ եղել է, երեկ բացահայտել են»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Անդրանիկ Հարությունյանը մահացու հրազենային վնասվածքներ է ստացել 2019 թվականի հուլիսի 2-ին՝ Նոր Նորքի 5-րդ զանգվածի շենքերից մեկի բակում: Հարությունյանի դիակի վրա առկա է 4 հրազենային վնասվածք, որոնցից մեկը՝ դեմքին։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի (սպանություն) և 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք–զինամթերք պահելը) հատկանիշներով:Սպանությունը մինչ օրս, սակայն մնում է չբացահայտված:
