Tesla-ի գլխավոր տնօրեն Իլոն Մասկը հայտարարել է, թե ինչու է ընկերությունը նոր գործարանի գործարկման համար ընտրել Գերմանիան, ոչ թե Բրիտանիան։ Պատճառը, ըստ նրա, Brexit-ն է։ Այս մասին հաղորդում է CNBC-ը։
Մասկի խոսքով՝ Եվրոպական միությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու որոշման հետ կապված անվստահությունը շատ ռիսկային է դարձրել երկրում մարտկոցներ արտադրող ստորաբաժանման ստեղծումը։
Նոր գործարանը ծրագրվում է ստեղծել Բեռլինում, Tesla-ն նաև պլանավորում է Գերմանիայի մայրաքաղաքի կենտրոնում ստեղծել ինժեներական և կոնստրուկտորական կենտրոն։ Մասկն ասել է, որ գործարանն այնտեղ տեղակայելու որոշման վրա ազդել է ևս մեկ գործոն․ այն կապված է Գերմանիայի ինժեներական վարպետության հետ։
Դա կլինի ընկերության չորրորդ գործարանը։ Առաջինը, որը Tesla-ի էլեկտրամոբիլների համար մարտկոցներ է արտադրում, հիմնադրվել է ամերիկյան Նևադա նահանգի Ռենո քաղաքում։ երկրորդ գործարանն ԱՄՆ-ում կառուցվել է Բուֆալոյում՝ Նյու Յորք նահանգում։ Առաջիկայում ծրագրվում է նոր ավտոմոբիլային գործարանի բացում Շանհայում։

