Ռուսաստանի Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն կոչ է արել բոլոր երկրներին ընդունել բանաձևեր, որ թույլ չտրվի պատժամիջոցներ կիրառել խորհրդարանականների նկատմամբ:
«Այսօր սա ավելի բարենպաստ լսարան է, ուզում եմ դիմել ձեզ: Եկեք այնպես անենք, որ աշխարհի բոլոր խորհրդարանները բանաձևեր ընդունեն խորհրդարանականների նկատմամբ պատժամիջոցների անթույլատրելիության վերաբերյալ: Եկեք երկխոսություններ սկսենք բոլոր միջխորհրդարանական միությունների հետ, որ նրանք կարողանան նաև համապատասխան հայտարարություններ անել: Մենք կուղարկենք այս բոլոր կոչերը ՄԱԿ-ին և կպնդենք ընդունել հատուկ բանաձև, որում անդրադարձ կլինի այս թեմային»,- ասել է Մատվիենկոն «Պառլամենտարիզմի զարգացում» միջազգային երկրորդ համաժողովի լիագումար նիստի ժամանակ:
Ռուսաստանի Դաշնային խորհրդի խոսնակը հիշեցրել է, որ 2019թ. ապրիլին Դոհայում՝ Միջխորհրդարանական միության 140-րդ համագումարում կազմակերպության նախագահ Գաբրիելա Բարոն հայտարարություն է տարածել խորհրդարանականների նկատմամբ պատժամիջոցների անթույլատրելիության վերաբերյալ:
Մատվիենկոն նաև նշել է, որ նման հայտարարություններ արդեն ընդունվել են աշխարհի մի շարք խորհրդարանների կողմից: