Արցախի Գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ Արցախի Հանրապետության Թաղավարդ և Մեծ Թաղեր գյուղերի գերեզմանատները ոչնչացնելու դեպքերի վերաբերյալ հրապարակումները ուղարկվել են ԱՀ ոստիկանություն` քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով քննարկելու համար:
«Սույն թվականի մայիսի 3-ից տարբեր լրատվամիջոցներով տեղեկություններ են հրապարակվել Արցախի Հանրապետության Թաղավարդ և Մեծ Թաղեր գյուղերի գերեզմանատները ոչնչացնելու դեպքերի վերաբերյալ:
Նկատի ունենալով, որ հիշյալ հրապարակումները առերևույթ տեղեկություն են պարունակում ԱՀ քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Թաղման վայրերը, մահացածներին թաղելու կամ նրանց հիշատակի հետ կապված ծիսակատարությունների համար նախատեսված գերեզմանների վրա եղած շինությունները կամ առարկաները ոչնչացնելը, վնասելը կամ պղծելը, որը կատարվել է ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ թշնամանքի շարժառիթով) նախատեսված հանցագործության հատկանիշներ պարունակող արարքների վերաբերյալ, ուստի սույն թվականի մայիսի 7-ին լրատվամիջոցների հրապարակումները ուղարկվել են ԱՀ ոստիկանություն` քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով քննարկելու համար»: