fbpx
Իրավական

Մեկնարկել է դասընթաց, որը կօգնի ազգային օրենսդրության և ԵՄ օրենսդրության ներդաշնակեցմանը

Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանի և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինիի մասնակցությամբ Երևանում այսօր մեկնարկել է «Աջակցություն ՀՀ արդարադատության նախարարությանը ԵՄ չափորոշիչներին համապատասխան իրավական մոտարկման հարցում» ծրագրի շրջանակում իրականացվող դասընթացը: Այն կօգնի Հայաստանում քաղաքականություն և օրենսդրություն մշակողներին` ներդաշնակեցնելու ազգային օրենսդրությունը ԵՄ օրենսդրությանը այնպես, որ նոր օրենսդրությունը կիրառելի լինի ամենօրյա պրակտիկայում: Դասընթացավարները կտրամադրեն գործնական խորհրդատվություն օրենսդրության մշակման բոլոր փուլերի վերաբերյալ:

Փոխնախարար Քրիստիննե Գրիգորյանը, շնորհակալություն հայտնելով ներկաներին մասնակցության համար, կարևորել է միջոցառումը՝ ինչպես գործադիրի, այնպես էլ օրենսդիրի ներկայացուցիչներին մեկ հարթակում ներգրավելու ու հնարավորինս առարկայական քննարկումներ կազմակերպելու տեսանկյունից:

«Արդարադատության նախարարությունը Եվրոպական միության հետ ծավալել և հաջողությամբ իրականացնում է լայնամասշտաբ և փոխշահավետ համագործակցություն: Նախարարությունը ոլորտային բոլոր բարեփոխումները չի ընկալում որպես առանձին և հատվածական գործընթաց, այլ դիտարկում է դրանք ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լույսի ներքո: Կարծում եմ՝ այս ընկալումն ընդհանուր է, ինչը մեզ թույլ կտա առավել ռազմավարական ու երկարաժամկետ կտրվածքով պլանավորելու մեր գործողությունների ընդհանուր օրակարգը»,- ասել է փոխնախարար Գրիգորյանը և, ամփոփելով խոսքը, շնորհակալություն հայտնել Եվրոպական միությանը՝ բարեփոխումների իրականացման գործընթացում մշտապես Արդարադատության նախարարությանը սատարելու:

Նշենք, որ մեկօրյա դասընթացը կազմակերպվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից՝ ԵՄ ֆինանսավորվող «Աջակցություն ՀՀ արդարադատության նախարարությանը ԵՄ չափորոշիչներին համապատասխան իրավական մոտարկման հարցում» ծրագրի շրջանակում: Դասընթացը բաղկացած է չորս հիմնական մասից՝ ԵՄ օրենսդրություն, Մոտարկում, Քաղաքականության մշակում և Օրենսդրության մշակում:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ