Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սուրբ Կիրակոս և տեղի կաթոլիկ եկեղեցիները վերականգնվում են: Ֆինանսավորումը կատարվում է շրջակա միջավայրի եւ քաղաքաշինության նախարարության կողմից: Dailysabah-ը տեղեկացնում է, որ կառավարությունն աշխատանքների համար հատկացրել է 15 մլն թուրքական լիրա, որը կվերահսկվի պետական հիմնադրամների գլխավոր տնօրենների կողմից:
Սուրբ Կիրակոս եկեղեցին կառուցվել է 1376 թվականին և այն ամենամեծ հայկական եկեղեցին է Միջին Արևելքում: 2012 թվականի նոյեմբերին 32 տարվա ընդմիջումից հետո այստեղ կատարվեց վերանորոգմանը հաջորդած առաջին եկեղեցական արարողությունը: Նույն օրը եկեղեցում տեղի ունեցավ նաև առաջին պսակադրությունը: Սուրբ Կիրակոս եկեղեցու վերանորոգման աշխատանքներն իրագործվել են Պոլսի Հայոց պատրիարքարանի ֆինանսական աջակցությամբ: Աշխատանքներին աջակցություն է ցուցաբերել նաեւ Դիարբեքիրի քաղաքապետարանը:
2015 թվականին Դիարբեքիրում թուրք–քրդական բախումների պատճառով տեղի եկեղեցիները լուրջ վնաս են կրել: