ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Արմմոնո մշակութային փառատոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ՝ ս. թ. ապրիլի 30-ից մայիսի 4-ը Երևանում կանցկացվի «Արմմոնո» մոնոներկայացումների միջազգային թատերական 17-րդ փառատոնը: Փառատոնին կմասնակցեն դերասաններ՝ Հայաստանից, Ֆրանսիայից, Ուկրաինայից, Լեհաստանից, Իսրայելից, Ալբանիայից, Ռուսաստանից, Վրաստանից: Փառատոնի շրջանակում կցուցադրվի 22 մոնոներկայացում:
«Արմմոնո-2019» փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա՝ ս. թ. ապրիլի 30-ին, ժամը 18:00-ին, Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում՝ դերասան, բեմադրիչ Անտոն Մոզգալյովի (ՌԴ) «Ֆաուստ. Ծես» մոնոներկայացմամբ: Փառատոնի հիմնական ծրագրից /«Արմմոնո-Դեբյուտ», Արմմոնո-Օպերա»/ բացի, կցուցադրվեն ներկայացումներ նվիրված Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին, լավագույն ներկայացումներից են՝ Յակով Շապիրոյի /Իսրայել/ «Եկեք, ծիծաղեք և երգեք Յակով Շապիրոյի հետ», Մենտոր Զիմբարայայի /Ալբանիա/ «Ամոկ» և «De Soleil» թատրոնի դերասան Արման Սարիբեկյանի /Ֆրանսիա/ «Նիժինսկի․Կապույտ Աստվածը»։
Փառատոնին մասնակցում են 3 մարզային թատրոններ` էջմիածնից, Գորիսից և Աբովյանից։ Փառատոնի շրջանակում 3 մոնոներկայացում կցուցադրվի Աբովյանի դրամատիկական թատրոնում։
Փառատոնին ներկա կլինեն մրջազգային հեղինակավոր փառատոների տնօրեններ։
Մուտքն ազատ է:
Ս. թ. ապրիլի 30-ին, ժամը 13:00-ին, Լոֆտում /հասցե՝ Մոսկովյան 3/ տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի մեկնարկին։ Բանախոսներ՝ փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյան, դերասան Անտոն Մոզգալյով /ՌԴ/, ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Հայրապետյան:
Ծրագիրը կարող եք ներբեռնել այստեղ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքից։