ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ 2019 թվականի հունիսի 1-4-ը Երևանում կանցկացվի «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 9-րդ միջազգային փառատոնը, որը նախաձեռնել և կազմակերպում է Հայաստանի «Նոր անուններ» ծրագրի ղեկավար` «Մշակույթի գործիչների ընկերակցության» նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սիլվա Մեքինյանը:
Փառատոնն այս տարի նվիրվում է «Հայաստանի նոր անուններ» ծրագրի 30 և «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի 15-ամյակներին:
Փառատոնն անցկացվում է նաև Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի աջակցությամբ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյան):
Պատանի երաժիշտ-կատարողների ներկայացուցչական հավաքին այս անգամ կմասնակցեն մոտ 5 տասնյակ շնորհալի պատանի երաժիշտ-կատարողներ՝ միջազգային և հանրապետական մրցույթների ու փառատոների բազմակի դափնեկիրներ, տարբեր հիմնադրամների կրթաթոշակառուներ` Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Լիտվայից, Իսպանիայից, Վրաստանից:
Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա հունիսի 1-ին, ժամը 18:00-ին, Երևանի Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը:
Հունիսի 2-ին և 3-ին` ժամը 18:00-ին, Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը, ինչպես նաև հունիսի 3-ին` ժամը 14:00-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում երևանյան հանդիսատեսը կունկնդրի պատանի երաժիշտների կատարումները։
Փառատոնի հանդիսավոր փակումը և պատանի մենակատարների ելույթը` Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ, տեղի կունենա հունիսի 4-ին` ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ:
Փառատոնի մասնակիցների համար կկազմակերպվի մշակութային բազմազան ծրագիր, որը թույլ կտա օտարազգի պատանիներին մոտիկից ծանոթանալ Հայաստանին. դիտել Երևանի տեսարժան վայրերը, այցելել Մայր Աթոռ Սբ Էջմիածին, Գառնի, Գեղարդ և այլ պատմամշակութային հուշարձաններ: Փառատոնի բոլոր մասնակիցները կպարգևատրվեն դիպլոմներով և հուշանվերներով։
Այս տարի ևս փառատոնի շուրջ 2 տասնյակ հյուրեկ երաժիշտների մեծ մասը հայազգի շնորհաշատ պատանիներ են, ովքեր մեծանում են հայրենիքից հեռու, սակայն փառատոնի շնորհիվ կապվում են իրենց արմատներին, հայրենի երկրին ու նրա մշակույթին։
Հպարտությամբ ենք արձանագրում, որ յոթերորդ տարին անընդմեջ «Նոր անուններ» ծրագրի սաները, ամերիկյան աստղերի հետ համատեղ, մասնակցում են «Հայաստանի մանուկներ» (COAF) հիմնադրամի Վաշինգտոնում կազմակերպվող ամենամյա բարեգործական գալա-համերգներին, որոնց արդյունքում հավաքված միջոցներն ուղղվում են Հայաստանի մարզերի զարգացմանը։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքից։
