Մշակույթ

Մեկնարկում է «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ սեպտեմբերի 24-ին Երևանում մեկնարկում է «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը, որը կտևի մինչև սեպտեմբերի 28-ը: Փառատոնը կանցկացվի ուղիղ հեռարձակմամբ՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ժամը 19:30-ին, հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։

Այս տարի փառատոնի օրերին հանդիսատեսի համար կհնչեն Պյոտր Չայկովսկու, Ալեքսեյ Շորի, Պաբլո Սարասատեի, Էռնեստ Շոսոնի անմահ ստեղծագործությունները: Ելույթով հանդես կգա նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը:

«Արմենիա» միջազգային փառատոնը հիմնադրվել է 2017 թվականին՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի նախագահ Կոնստանտին Իշխանովի նախաձեռնությամբ:

Փառատոնի շրջանակում հայ հանդիսատեսը հնարավորություն է ունենում ունկնդրելու համաշխարհային հեղինակություն վայելող մեծանուն երաժիշտների կատարումները, որոնց համերգներին հաճախելը աշխարհի հեղինակավոր դահլիճներում բոլոր երաժշտասերներին չէ, որ հասանելի է: Փառատոնը լայն հնարավորություն է տալիս նաև նորահայտ երիտասարդ երաժիշտներին՝ ելույթ ունենալու անվանի երաժիշտների կողքին:

Ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ:

Համերգների ընթացքում խստորեն կպահպանվեն հակահամաճարակային բոլոր կանոնները։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ